
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ

Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ԱԽ) կիրառել է վետոյի իրավունքը և արգելափակել ալժիրյան բանաձևի նախագիծը Պաղեստինին համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ ընդունելու մասին: Այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Պաղեստինին ՄԱԿ-ում որպես կազմակերպության լիիրավ անդամ ընդունելու փաստաթղթի օգտին կողմ են քվեարկել Անվտանգության խորհրդի 12 անդամներ: Շվեյցարիան և Մեծ Բրիտանիան ձեռնպահ են մնացել, իսկ ԱՄՆ-ն դեմ է հանդես եկել բանաձևի նախագծին։
2024 թվականի ապրիլի 4-ին Մալթան բավարարել է Պաղեստինի խնդրանքը՝ ՄԱԿ-ին երկրի անդամակցության հայտի քննարկումը վերսկսելու մասին։ Պաղեստինի իշխանությունները իրենց խնդրանքին կցել էին նամակներ, որոնցում Պաղեստինի անդամակցությանը ՄԱԿ-ին հավանություն են տալիս մի խումբ արաբական պետություններ, Իսլամական համագործակցության կազմակերպությունը և Չմիավորման շարժումը։ Ներկայում Պաղեստինը ՄԱԿ-ում մշտական դիտորդի կարգավիճակ ունի։
2011 թվականի սեպտեմբերին Պաղեստինը ներկայացրել էր կազմակերպությանը որպես լիիրավ անդամ միանալու հայտ։ Սակայն այդ ժամանակ այն չէր կարողացել ստանալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությունը։ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ վետո կդնի բանաձևի վրա, եթե մյուս մշտական անդամները հավանություն տան դրան։ Վաշինգտոնում կարծում են, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին լիիրավ հիմունքներով հնարավոր է միայն պաղեստինաիսրայելական հակամարտությունը երկու պետությունների ստեղծման սկզբունքով լուծելուց հետո: Այդ իրավիճակում Պաղեստինի իշխանությունները նախընտրել էին դադարեցնել այդ հարցի քննարկումը և համաշխարհային կազմակերպությունում մնալ որպես մշտական դիտորդ։
ՄԱԿ-ի անդամ երկրի ընդունման գործընթացը կատարվում է Անվտանգության խորհրդի հանձնարարականով՝ Գլխավոր ասամբլեայի որոշմամբ։ Երկրի հայտի շուրջ հանձնարարական ստանալու համար պետք է կողմ քվեարկի Անվտանգության խորհրդի 15 անդամներից ինը՝ պայմանով, որ կառույցի մշտական անդամներից (Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) ոչ մեկը դեմ չքվեարկի: Դրանից հետո հարցը ներկայացվում է Գլխավոր ասամբլեայի քննարկմանը, որտեղ հայտը պետք է հավաքի ձայների երկու երրորդը: