
Մումբայում ազատ են արձակել Չինաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող աղավնուն` 8 ամիս պահելուց հետո

Հնդկաստանի Մումբայ քաղաքի իրավապահ մարմինները որոշել են բաց թողնել աղավնուն, որն ութ ամիս անցկացրել է անասնաբուժական կլինիկայում՝ Չինաստանի օգտին լրտեսության կասկածանքների պատճառով։
Աղավնուն բռնել էին 2023 թ․ մայիսին Մումբայի արվարձաններից մեկում։ Ոստիկանության տվյալներով՝ թռչունի ոտքերին երկու օղակ է եղել՝ մեկը պղնձից, մյուսն՝ ալյումինից, իսկ թևերի ներսի հատվածում հայտնաբերվել են չինարեն գրություններ։ Այդ պատճառով աղավնին կասկածվում էր Չինաստանի օգտին լրտեսության մեջ:
«Հետաքննության ընթացքում ոստիկանությունը պարզել է, որ աղավնին Թայվանի բաց ջրերում մրցավազքի է մասնակցել և նման մրցավազքերից մեկի ժամանակ դուրս է թռել երկրից և վայրէջք կատարել Հնդկաստանում», – հայտնել են ոստիկանությունից։
Հունվարի 30-ին ոստիկանությունից թույլտվություն ստանալուց հետո անասնաբուժական կլինիկան ազատ է արձակել աղավնուն՝ նշելով, որ նրա առողջական վիճակը լավ է։