Ռուսաստանի ռազմածովային նավատորմը կհամալրվի 12 նավով և չորս սուզանավով
Ռուսաստանի ռազմածովային նավատորմի կազմը 2024 թվականին կհամալրվի 12 վերջրյա նավով և չորս սուզանավով։ Այս մասին հայտնել է ՌԴ արդյունաբերության և առևտրի փոխնախարար, պետքարտուղար Վիկտոր Եվտուխովը 677 նախագծի «Կրոնշտադտ» սուզանավի վրա դրոշի բարձրացման արարողության ժամանակ։
«Գործնականում ամեն ամիս նավատորմին է հանձնվում կա՛մ վերջրյա նավ, կա՛մ սուզանավ՝ միջուկային կամ դիզելային-էլեկտրական։ Ռուսաստանի ռազմածովային նավատորմի համար նավերի կառուցման գործում մենք հասել ենք ներմուծման 100 % փոխարինման։ Այսօր ոչ մի պատժամիջոց չի կարող ազդել նավերի կառուցման և հանձնման վրա», – Եվտուխովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը:
2023 թ․ ՌԴ ռազմածովային նավատորմն արդյունաբերությունից ստացել է երեք սուզանավ՝ «Իմպերատոր Ալեքսանդր III» միջուկային ստորջրյա հածանավը, «Կրասնոյարսկ» բազմանպատակային միջուկային հածանավը, «Մոժայսկ» մեծ ստորջրյա նավը, յոթ մարտանավ՝ «Ադմիրալ Գոլովկո» ֆրեգատը, «Մերկուրի» և «Ռեզկիյ» կորվետները, «Ցիկլոն» և «Նարո-Ֆոմինսկ» փոքր հրթիռային նավերը, «Լև Չեռնավին» ծովային ականորս նավը, վերանորոգում անցած «Նեուստրաշիմիյ» պարեկային նավը։