
Կօգտագործենք մեր բոլոր հնարավորություններն Ադրբեջանի վրա անհրաժեշտ ճնշում գործադրելու համար․ Չեխիայի խորհրդարանի խոսնակ

Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան անդրադարձել է Ադրբեջանին բանակցային սեղան վերադարձնելու հնարավոր մեխանիզմների մասին հարցին։
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները Չեխիայի խորհրդարանի խոսնակին հարցրեցին, թե ի՞նչ գործիքակազմ պետք է կիրառի միջազգային հանրությունը, որպեսզի Ադրբեջանին վերադարձնի բանակցային սեղանի շուրջ:
«Երբեք չպետք է հանձնվենք և պետք է դրդենք նրանց այս խոսակցություններին: Սա շատ կարևոր է: Իմ՝ Բաքու այցի ժամանակ ես անպայման այս հարցերը կբարձրացնեմ, թե ինչո՞ւ նրանք չեն ցանկանում լուծումներ գտնել, որոնք կհարգվեն նաև Հայաստանի ներկայացուցիչների կողմից: Սա այն է, ինչ մենք պետք է անենք:
Մենք, իհարկե, կօգտագործենք մեր բոլոր հնարավորությունները, որպեսզի այսպիսի ճնշում կարողանանք գործադրել Ադրբեջանի բոլոր ներկայացուցիչների վրա, որ շարունակեն մասնակցել բանակցություններին»,- ասաց Ադամովան։