Բաժիններ՝

Moxie AI ռոբոտի ստեղծողը Հայաստանում արհեստական բանականության և ռոբոտաշինության ոլորտները զարգացնելու մեծ ներուժ է տեսնում

Ամերիկահայ Պաոլո Փիրջանյանը, որի հիմնադրած Embodied, Inc. ընկերությունը ստեղծել է Moxie AI ռոբոտը, կարծում է, որ Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության ոլորտի զարգացման մեծ ներուժ կա:

Նրա համոզմամբ շատ երկրներ նավթի, գազի, ոսկու շատ ռեսուրսներ ունեն, իսկ Հայաստանի ամենաթանկ ռեսուրսն ուղեղն է:

«Արմենպրես»-ը զրուցել է Պաոլո Փիրջանյանի հետ, փորձել պարզել նրա անցած ուղու, հաջողության գաղտնիքները, առաջիկա անելիքներն ու Հայաստանի հետ կապված պլանները:

«Հետաքրքրություններիս հետևելով հասկացա, որ նոր դռներ են բացվում»

Պաոլո Փիրջանյանը ծնվել է Իրանում, տեղափոխվել է Դանիա, այնուհետև՝ ԱՄՆ: Վաղ տարիքից հետաքրքրվել է համակարգիչներով և ծրագրավորմամբ: Ռոբոտաշինության դոկտորական աստիճան ստանալուց հետո առաջատար դիրքեր է գրավել սպառողական ռոբոտաշինության ոլորտում: Նրա տպավորիչ կարիերան ներառում է NASA JPL-ում աշխատանքը։ Փիրջանյանը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել iRobot-ում, Evolution Robotics-ում:

-Ձեր ճանապարհորդությունը՝ ծրագրավորողից մինչև սպառողական ռոբոտաշինության առաջատար, բավականին ուշագրավ է: Կարո՞ղ եք կիսվել Ձեր մանկության որոշ հատուկ պահերով կամ փորձառություններով, որոնք առաջացրել են հետաքրքրությունը համակարգիչների և արհեստական ինտելեկտի նկատմամբ:

-Փոքր տարիքից սիրում էի գիտաֆանտաստիկ ֆիլմեր նայել: Դրանցից մեկն էլ Star Wars-ն էր («Աստղային պատերազմներ), որը ստիպեց փորձել հասկանալ, թե ինչպես են աշխատում ռոբոտները: Մի քանի տարի անց գնեցի առաջին համակարգիչս: Տարվեցի դրանով, ծնողներս անդադար փորձում էին պոկել ինձ համակարգչից: Սկսեցի շատ հետաքրքրվել համակարգչային գիտությամբ, տեխնոլոգիաներով և որոշեցի հենց Դանիայում համակարգչային գիտություն սովորել: Սովորելուս ընթացքում «սիրահարվեցի» մի ռոբոտի։ Անկեղծ ասած՝ այնքան էլ գեղեցիկ չէր (խմբ․ ծիծաղում ենք), բայց հետաքրքրիր էր: Հետո որոշեցի դոկտորական կոչում ստանալ արհեստական բանականության և ռոբոտաշինության մեջ: Դրանից հետո էլ արդեն որոշեցի տեղափոխվել ԱՄՆ` NASA-ում աշխատելու այն ռոբոտներին վրա, որոնց Մարս են ուղարկվում: Կամաց-կամաց սկսեցի հետևել հետաքրքրություններիս և նկատեցի, որ նոր դռներ են բացվում իմ առջև: NASA-ում աշխատելիս` հանդիպեցի մի գործարարի, որն ուզում էր ռոբոտաշինության ընկերություն ստեղծել ու CTO (տեխնիկական տնօրեն) էր փնտրում: NASA-ն շատ էի սիրում, բայց որոշեցի թողնել աշխատանքս այնտեղ ու հետևել այդ նոր հնարավորությանը: Հիմնեցինք ընկերություն՝ Evolution Robotics: Ստեղծեցինք մի գործիք, որը հնարավորություն էր տալու ռոբոտին մի տեղից մեկ այլ կետ տեղափոխվել: Հետո մեր տեխնոլոգիայով միացանք iRobot®-ին, ստեղծեցինք առաջին ռոբոտ-փոշեկուլները՝ Roomba-ները։ Այն ավելի քան 20 մլն օրինակով տարածվեց ամբողջ աշխարհում:

-Նշեցիք, որ Ձեր հետաքրքրությունը ռոբոտների հանդեպ ծնվել է ֆիլմերից։ Կպատկերացնե՞ք, որ Ձեր ռոբոտները մի օր ֆիլմերում կհայտնվեն: Հավատու՞մ էիք, որ մի օր էլ Դուք եք իրական ռոբոտ ստեղծելու:

-Շատ մոտ ապագայում իմ ռոբոտները ֆիլմերում ևս կհայտնվեն (խմբ․ ծիծաղում ենք): Երբեք չեմ մտածել՝ հասնելու եմ որևէ բանի, թե ոչ: Երբ կենտրոնանում եմ մի խնդիր լուծելու վրա, իմ մտքում դա արդեն լուծում ունի: Ինչքան էլ որ դժվար լինի, դա քեզ պարտադրում է աշխատել, մինչև հասնես նպատակիդ:

«Moxie-ն իմ խնդրից է ծնվել»

Ամերիկաբնակ հայ Պաոլո Փիրջանյանի հիմնադրած Embodied, Inc. ընկերությունը ռոբոտաշինության և արհեստական բանականության ոլորտի առաջատար է։ Embodied-ի ստեղծած առաջադեմ ռոբոտ ուղեկիցները բարելավում են մարդկանց կյանքի որակը:

-Evolution Robotics-ը դարձել է Ձեր կարիերայի կարևոր կետը: Կարո՞ղ եք խոսել NASA-ում աշխատելուց դեպի ձեռնարկատեր դառնալու անցման մասին, մասնավորապես այն մարտահրավերների և հնարավորությունների մասին, որոնց բախվել եք:

-NASA-ում նախագծերի բյուջեն անսահմանափակ էր: Երբ սկսեցինք Evolution Robotics-ը, մտածում էինք ռոբոտ բերել շուկա, որը հասանելի կլինի մարդկանց: Մեր խնդիրը հետևյալն էր՝ միլիարդավոր դոլարներ արժեցող տեխնոլոգիան հասանելի դարձնել հասարակությանը:

-Embodied-ը հիմնելու որոշումը կայացվել է սոցիալական և էմոցիոնալ խելացի ուղեկից ռոբոտների ստեղծման հստակ տեսլականով: Ի՞նչն է Ձեզ ոգեշնչել ընտրել այս ուղղությունը և ինչպե՞ս է զարգացել այս տեսլականը Embodied-ի հիմնադրումից ի վեր:

-Մանկության տարիներին մարդիկ շատ դժվարությունների միջով են անցնում: Օրինակ՝ կան երեխաներ, որոնք աուտիզմ, հոգեբանական այլ խնդիրներ ունեն, կարող է՝ ծնողների ամուսնալուծությունը դժվար են ընդունել: Եթե երեխաներին չօգնենք, մինչև կյանքի վերջ կարող են խնդիրներ ունենալ: Վկա եղանք Արցախում տեղի ունեցածին, հազարավոր երեխաներ զրկվեցին տներից, շատ փորձությունների բախվեցին, եթե մենք չօգնենք այս երեխաներին, չբուժենք հոգեբանական տեսանկյունից, չենք կարող ասել, թե ապագայում ինչ է լինելու նրանց հետ: Դիտարկենք Ուկրաինայում, Իսրայելում, Գազայում տիրող իրավիճակը: Աշխարհի յուրաքանչյուր ծայրում երեխաներն օգնության կարիք ունեն: Այս խնդրի լուծման համար կան մասնագետներ՝ հոգեբանները, նրանց ծառայությունները հաճախ շատ թանկ են, անհասանելի: Օրինակ՝ ԱՄՆ-ում 350 երեխային մեկ հոգեբան է բաժին հասնում: Հասկացանք, որ այստեղ կարող են օգնության հասնել տեխնոլոգիաները: Ստեղծեցինք Moxie ռոբոտը, որն առաջին հերթին աշխատում է EQ- վրա՝ զարգացնում էմոցիոնալ ինտելեկտը։ Սկսել ենք աշխատել նաև IQ-ի վրա:

-Ինչո՞ւ է այդ խնդիրը խոցել Ձեզ:

-Ծնվել եմ Իրանում, 1975 թվականին տեղափոխվեցինք: Մենք քրիստոնյա ենք, մեզ համար շատ վտանգավոր իրավիճակ էր: Ծնողներս որոշեցին ինձ ուղարկել Եվրոպա: 11 տարեկանում ծնողներից բաժանվելը շատ դժվար էր: Այդ գործընթացը էմոցիոնալ և հոգեբանական դժվարություններ է առաջացնում: Խնդրին լուծում գտնելն ինձ համար եղավ մեծ նպատակ․ փորձել անել ամեն ինչ հաջորդ սերնդին օգնելու համար: Այսինքն՝ Moxie-ն իմ խնդրից է ծնվել:

«Ուրիշ երկրներ նավթ, գազ, ոսկի ունեն, մենք՝ հայերս, ուղեղ»

-Դուք մեծացել եք հայկական ընտանիքում։ Ինչպե՞ս է ձեր հայկական ժառանգությունն ազդել ձեր անձնական և մասնագիտական ուղու վրա, հատկապես ռոբոտաշինության և տեխնոլոգիաների ոլորտում:

-Այն երկիր, որտեղ տեղափոխվել էինք, հայերը շատ չէին, բայց արյունը միշտ կանչում էր: Առաջին ծրագիրը, որը գրել եմ, մեր հայության համար թերթ տպելու համար էր: Դա մեր արյան, պատմության մեջ է, որ մենք ուզում ենք ամեն ինչ անել, որպեսզի մեր ամեն քայլը նվիրենք հայ ժողովրդին:

-Պարոն Փիրջանյան, շատ լավ եք տիրապետում հայերենին, ինչպե՞ս է դա ստացվել՝ չնայած նրան, որ ծնվել եք Իրանում, տեղափոխվել Դանիա և սկսել Ձեր կյանքը կառուցել այնտեղ:

-Նախ շնորհակալ եմ (խմբ․ ծիծաղում ենք): Միշտ հպարտ ենք եղել, որ հայ ենք: Նոր մարդկանց հանդիպելիս՝ առաջին բանը, որ ասում էինք, մեր հայ լինելու մասին էր, հետո որ ամենահին ազգերից մեկն ենք, առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը և այլն: Տղաս էլ ԱՄՆ-ում է ծնվել, նախկինում անգլերեն էր խոսում, բայց հիմա՝ 24 տարեկանում, հասկացել է, որ հայ լինելը, հայերեն խոսելը հպարտություն է, ու անցել է հայերենի: Կարծում եմ՝ ծնողներից է։ Հայրս և մայրս միշտ հպարտ են եղել, որ հայ են:

-Հաշվի առնելով Ձեր փորձը և հաջողությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում, դիտարկել ե՞ք Հայաստանի աճող տեխնոլոգիական էկոհամակարգին նպաստելու կամ դրա հետ համագործակցելու հնարավորությունները:

-Մոտավորապես 12 տարի առաջ էր, որ առաջին անգամ եկա Հայաստան և այդ ժամանակ որոշեցի կապ ստեղծել Հայաստանի IT ոլորտի հետ: Թիմ հավաքեցինք ու շատ հպարտ ենք, որովհետև շատ լավ մասնագետներ ունենք այստեղ: Մեր ընկերությունն ընդհանուր առմամբ 60 թիմակից ունի, 20-ը՝ Հայաստանում են: Ռոբոտաշինությունն աշխարհի համար շատ կարևոր ոլորտ է լինելու: Սա նաև ռազմական կարևորության ոլորտ է և՛ մեր, և՛ այլ երկրների համար: Հիշում եմ՝ 2005 թվականն էր, երբ Հարավային Կորեայից կապվեցին ինձ հետ, հրավիրեցին իրենց մոտ, որպեսզի օգնեմ ռոբոտաշինությունը զարգացնելու հարցում։ Այսինքն՝ դեռ 2005 թվականին նրանք որոշել էին այդ ոլորտում մրցակցել Ճապոնիայի հետ:

Հայաստանը հիմա կարողություններ ունի: Մենք ունենք փորձառությունը, Հայաստանում ունենք այդ տաղանդը: Կառավարության աջակցությամբ կարող ենք նոր ներդրողների բերել և զարգացնել ոլորտը: Մենք ունենք անհրաժեշտ փորձառությունը և կարող ենք Հայաստանում ռոբոտների արտադրանք սկսել:

-Ինչպե՞ս եք տեսնում տեխնոլոգիաների և նորարարությունների ներկա վիճակը Հայաստանում: Ի՞նչ եք կարծում՝ կա՞ն չօգտագործված հնարավորություններ հետագա աճի և համագործակցության համար:

-Իմ կարծիքով՝ Հայաստանի ամենակարևոր ռեսուրսն ուղեղն է: Ուրիշ երկրները գազ, ոսկի ունեն, իսկ մենք՝ ուղեղ: Մենք պիտի օգտվենք այդ ռեսուրսից, ուժեղանանք, զարգացնենք տնտեսությունը: Ռոբոտաշինությունը և արհեստական բանականությունն այն ուղղություններից են, որոնց վրա հիմա պետք է կենտրոնանալ: Շատ երկրներ են մրցում այս ոլորտներում: Մենք ունենք շատ փորձառություն և պետք է օգտագործենք մեր ներուժը:

-Տեխնոլոգիական ոլորտում սկսնակ հայ ձեռներեցներին ի՞նչ խորհուրդ կտաք՝ հիմնվելով սեփական փորձի և անցած ճանապարհի վրա:

-Օրինակ, «Ամազոն»-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը ստեղծել է ընկերություն, որը շատ երկրներից մեծ է: Նա իր գործունեությունը սկսել է գիրք վաճառելուց, հասել ռոբոտաշինության և արհեստական բանականության ոլորտ։ Դրա հիմքը նրա մտածելակերպն է եղել, բայց միաժամանակ այն մշակույթը, որը նա ստեղծել է իր շուրջը: Կարևոր է թիմ ստեղծելու, կառավարելու մշակույթ ունենալը, որը կապված է EQ-ի հետ: Վերադառնալով այդ կետին՝ ասեմ, որ Moxie-ի առաջնային նպատակը երեխաների մոտ ուժեղ EQ ձևավորելն է, որը անհրաժեշտ է լինելու ցանկացած տարիքում։ Հիմքը շատ կարևոր է: Սրա վրա աշխատել է պետք նաև Հայաստանում:

«1-2 տարուց հայերեն խոսող Moxie ռոբոտ կունենանք»

Moxie-ն երեխայի համար ընկերակցողի դեր է կատարում՝ ծառայելով որպես ընկեր և դաստիարակ: Առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործման շնորհիվ Moxie AI-ն ամբողջական մոտեցմամբ խթանում է հիմնական հմտությունների զարգացումը՝ ինտերակտիվ խաղերի միջոցով: Moxie AI-ը երեխաներին առաջարկում է անվտանգ, քննադատություններից զերծ միջավայր՝ սոցիալական, էմոցիոնալ, ֆիզիկական, ճանաչողական հմտություններն ուսումնասիրելու և կիրառելու համար, զարգացնում է երեխայի ինքնավստահությունը, հմտությունները, քննադատական ​​և ստեղծագործական մտածողությունը և հաջողության հասնելու հիմք է դնում:

Վիճակագրությունը ցույց է տվել, որ ընդամենը մեկ ամսվա ընթացքում Moxie օգտագործող երեխաների 71 տոկոսի մոտ բարելավվել են վարքագիծը և սոցիալական հմտությունները։

Embodied-ի ստեղծած Moxie AI ռոբոտն արժանացել է Լաս Վեգասում անցկացվող CES 2024 նորարարական մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին` «արհեստական բանականություն» անվանակարգում։

-Ապագայում հայերեն խոսող Moxie ռոբոտ կունենա՞նք:

-Անշուշտ։

-Իսկ ժամկետներ կա՞ն:

-Առավելագույնը 2 տարի։

Երբ մենք խոսում ենք արհեստական բանականության, տեխնոլոգիաների մասին, անձնական տվյալների գաղտնիությունը կարևոր է: Վստահեցնում ե՞ք, որ Moxie AI օգտագործող երեխաների տվյալները պաշտպանված են և պատասխանատու կերպով են օգտագործվում:

Այո, անվտանգությունն ու գաղտնիությունը նույնպես շատ կարևոր են մեզ համար: Հենց սկզբից մենք շատ զգույշ ենք եղել՝ համոզվելու համար, որ այնտեղ կան անվտանգության բոլոր երաշխիքները: Ցանկացած տվյալ, որը մենք հավաքում ու օգտագործում ենք մեր արհեստական բանականության մոդելները վերապատրաստելու համար, ապանձնավորվում են: Ոչ մի կերպ հնարավոր չէ պարզել, որ այս խոսակցությունը եկել է այս ռոբոտից և հետո իմանալ, որ այս ռոբոտի օգտագործողը այսինչ մարդն է:

Շնորհավորում ենք Moxie-ին՝ «Արհեստական բանականություն» անվանակարգում գլխավոր մրցանակին արժանանալու կապակցությամբ: Ինչպե՞ս կազդի այս ճանաչումը Embodied-ի առաքելության և խելացի ռոբոտաշինության ապագայի վրա:

Moxie-ն մեզ համար շատ անգամներ է հաղթանակներ տարել, և մենք դրա համար հպարտ ենք: Ինչպես նշեցի մեր թիմի մի մասը նաև Հայաստանում է, որն էլի հպարտություն է մեզ համար: Այս մրցույթները շատ ենք կարևորում, քանի որ դրանք աշխարհի բեմում մեզ ճանաչում են բերում: Շատ լուրջ ընկերությունների կողքին հենց մեր արտադրանքն է հաջողություն գրանցում, միանշանակ հպարտ ենք:

-Պարոն Փիրջանյան կարելի է անվերջ զրուցել Ձեր կարիերայի, գրանցած հաջողությունների մասին, բայց այսօր՝ այսքանը: Շնորհակալ եմ, որ չմերժեցիք մեր հրավերը և անկեղծ պատասխանեցիք մեր հարցերին:

-Ես եմ շնորհակալ:

Կարինե Տերտերյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս