Հայաստանում նվազել են մեկ անձից հրատապ գնումները. ֆինանսների նախարար
Հայաստանում նվազել են «հրատապ մեկ անձից» ընթացակարգով կատարվող գնումները, նախատեսվում է Գնումների մասին նոր օրենքի ընդունում:
Այս մասին ասուլիսում հայտնեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Նախարարի խոսքով՝ բազմաթիվ աշխատանքներ են տարվել գնումների քաղաքականության ուղղությամբ:
«2024 թվականին մենք սկսել ենք քննարկումներ «Գնումների մասին» օրենքի փոփոխության վերաբերյալ: Մենք այս տարի շահառուների հետ ակտիվ քննարկումներ կունենանք՝ հասկանալու, թե որոնք են խնդիրները, ինչպիսին պետք է լինի նոր օրենքը»,-ասաց Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ այն ծավալների գնումները, որոնք ներկայումս իրականացվում են, նոր մարտահրավեր են, հետևաբար նոր օրենքը պետք է հնարավորություն տա ավելի արագ ու ճկուն ձևով իրականացնելու կառավարության ծրագրերը:
«Որոշակի բարելավումներ ունենք: Չկայացած ընթացակարգերի տոկոսը քչացել է: Եթե 2022 թվականին դրանք 10.8 տոկոս էին, 2023-ին 9.8 տոկոս են: Մրցակցային ընթացակարգերն են բարելավվել: Եթե 2022-ին միջին մասնակցությունը 2.2 էր, ապա 2023-ին 2.4 է: Մենք ունենք նաև մեկ անձից գնումների նվազում: Մեկ անձից հրատապ գնումների քանակը 17 հազարից իջել է 11 հազարի: Մրցակցային գնումները 145 հազարից դարձել են 161 հազար: Ստանձնած պարտավորությունները հնարավոր մրցակցային ընթացակարգերի հարաբերությամբ 83 տոկոսի փոխարեն 87.6 տոկոս են: Սա նշանակում է, որ այն գործողությունները, որ մենք իրականացրել ենք, նպաստել են նրան, որ մեր գնումների գործընթացները լինեն ավելի ներառական և ավելի մրցակցային»,-ասաց նախարարը: