Սևան քաղաքում կազմակերպվել է հերոս Նարեկ Սարգսյանին նվիրված հուշ-ցերեկույթ
Հայոց բանակի կազմավորման օրվա շրջանակներում Սևան քաղաքում տեղի ունեցավ «Վասն հայրենյաց, ի սարսափ թշնամուն» խորագիրը կրող հուշ-ցերեկույթ, որը նվիրված էր 2023 թվականի ապրիլի 11-ին թշնամու սադրանքի հետևանքով Սյունիքի մարզի Տեղ բնակավայրում զոհված սևանցի հատուկջոկատային Նարեկ Գագիկի Սարգսյանի հիշատակին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի համայնքապետարանի աշխատակազմից՝ միջոցառումը կազմակերպել էին համայնքապետարանը, համայնքի մշակութային կենտրոնը: Նարեկի ծնողներն ու հարազատները, Սևանի համայնքապետարանի, զինկոմիսարիատի աշխատակիցները, Նարեկի ուսուցիչներն ու զինակից ընկերները նախ այցելեցին հերոսի շիրմին, որտեղ տեղի ունեցավ հոգևոր օրհնության կարգ, այնուհետև ներկաները խնկարկեցին հերոսի հիշատակը:
Զինկոմիսարիատի ներկայացուցչի տեղեկացմամբ՝ 2023 թվականի ապրիլի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների: Հակառակորդը կիրառել էր ականանետային միջոցներ: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկել էին անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: Ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ և 6 վիրավոր: ՀՀ ինքնիշխան տարածքն անձնվիրաբար պաշտպանելիս զոհվեցին հատուկջոկատայիններ Արթուր Ավետիսի Սահակյանը, Մկրտիչ Արմենի Հարությունյանը, Հենրիկ Վաչագանի Քոչարյանը և սևանցի Նարեկ Գագիկի Սարգսյանը: Նարեկը երկար ժամանակ էր ծառայում Հայոց բանակում, մասնակցել էր 2016-ի քառօրյա և 2020-ի 44-օրյա պատերազմներին: Մայրը՝ Արմինե Ղուկասյանը, ով մասնագիտությամբ ուսուցիչ է, պատմում է՝ լինելով հատուկ ջոկատային, Նարեկը շատ բան չէր պատմում իր մասին, անձայն իր գործն էր անում: Նարեկ Սարգսյանը մարդկային բարձր որակներ ունեցող զինվորական էր, ընտանիքին, ընկերներին ու հայրենիքին նվիրված երիտասարդ:
«Միջոցառումը մեկնարկեց Սևանի կենտրոնական գրադարանից, որտեղ ձևավորվել էր Նարեկ Սարգսյանի և իր նահատակված ընկերների հիշատակին նվիրված լուսանկարների և հուշերի անկյուն: Այն շարունակվեց Սևանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում: Նարեկի անվանական եղևնին շուտով կտնկվի հատուկ տարածքում, որտեղ ձևավորվելու է «Վերածննդի պուրակ»՝ նվիրված Արցախյան պատերազմներում Սևան համայնքից իրենց կյանքը զոհված քաջերին»,-նշեցին համայնքապետարանի աշխատակազմից։
Խոսրով Խլղաթյան