Հայաստան կայցելի Չեխիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը
Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան հունվարի 31-ին կայցելի Հայաստան։ Հայաստանում Չեխիայի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ սա Չեխիայից Հայաստան ամենակարևոր այցերից է վերջին ավելի քան 6 տարվա ընթացքում։
Մարկետա Պեկարովա Ադամովան կգա պատվիրակությամբ, որի կազմում են մի քանի չեխ պատգամավորներ, ընկերությունների, Առևտրի պալատի, Արդյունաբերության և Առևտրի նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև համալսարանների (Չարլզի համալսարան և Չեխիայի տեխնիկական համալսարան) և Ազգային թանգարանի ներկայացուցիչներ։
Խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը քննարկումներ կունենա Հայաստանի Հանրապետության բոլոր բարձրագույն ներկայացուցիչների հետ։ Ծրագրի շրջանակներում նա կայցելի նաև Հայաստանի և Ադրբեջանի սահման՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար։ Նախագահ Ալեն Սիմոնյանի հետ նա կմասնակցի չեխ-հայկական գործարարների համաժողովին և կհայտարարի չեխական դղյակների և ամրոցների մասին ցուցահանդեսի բացումը։
«Այցը ցույց է տալիս մեր հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ և աջակցությունը»,- ասված է դեսպանության հաղորդագրության մեջ: