Բաժիններ՝

Ֆրանսիան կկրճատի իր զորակազմերը Աֆրիկայի երեք երկրներում. Le Monde

Ֆրանսիան առաջիկա ամիսներին զգալիորեն կկրճատի իր զորակազմերը Գաբոնում, Սենեգալում և Կոտ Դ’իվուարում: Այս մասին հաղորդում է Le Monde պարբերականը։

Ըստ հրապարակման՝ նման որոշում դեկտեմբերին կայացրել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնը. գործընթացն արդեն սկսվել է։

«Էմանուել Մակրոնը, մեր տեղեկատվության համաձայն, 2023 թ․ դեկտեմբերի կեսերին տեղի ունեցած զինվորական խորհրդի ընթացքում որոշում է ընդունել զգալիորեն կրճատել զորակազմերը Գաբոնում, Սենեգալում և Կոտ Դ’իվուարում», – գրում է պարբերականը։

Նշվում է, որ այս երկրներում գտնվող ֆրանսիական ռազմակայանների մեծ մասում զինվորականների թվաքանակի կրճատման գործընթացն արդեն սկսվել է, սակայն այս տարի այն պետք է արագանա։

Համաձայն հրապարակման՝ Գաբոնի, Սենեգալի և Կոտ Դ’իվուարի մայրաքաղաքներում Ֆրանսիայի զինվորականների թիվը կարող է կրճատվել՝ հասնելով յուրաքանչյուր քաղաքում մոտավորապես հարյուրի. ընդ որում, նրանք հիմնականում կատարելու են օժանդակ գործառույթներ։ Սա համարվում է բավական զգալի կրճատում՝ հաշվի առնելով, որ վերջին ամիսներին Գաբոնի և Սենեգալի մայրաքաղաքներ Լիբրևիլում և Դակարում գտնվող բազաներում տեղակայված էր 350-ական ֆրանսիացի զինծառայող, իսկ Կոտ Դ’իվուարի մայրաքաղաք Աբիջանում՝ 950:

Ֆրանսիայի նախագահի գրասենյակում պարբերականին հայտնել են, որ պլանավորվում է նշված երկրներում ֆրանսիական զորակազմերի թվաքանակը ժամանակ առ ժամանակ փոխել՝ կախված տվյալ ժամանակաշրջանում «գործընկերների կարիքներից»։

Միևնույն ժամանակ Le Monde-ը նշում է, որ Ֆրանսիայի զորակազմերի թվաքանակը Ջիբութիում և Չադում, որտեղ տեղակայված է 1500-ական զինվոր, չի փոխվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս