Բաժիններ՝

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ ուսումնասիրում է Գազայում հրադադարի առաջարկը

Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն հայտնել է, որ շարժումն առաջարկ է ստացել Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ և ուսումնասիրում է այն։ Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։

Հանիեն նշել է, որ խմբավորման առաջնահերթությունը Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների դադարեցումն է և անկլավից իսրայելական ուժերի դուրսբերումը։

Նա նաև հայտնել է, որ մեկնելու է Կահիրե՝ հրադադարի առաջարկի շուրջ բանակցությունների համար։

Հունվարի 29-ին Կատարի վարչապետ Մուհամեդ բեն Աբդել Ռահման ալ Թանին հայտարարել էր, որ Դոհայի միջնորդությամբ հաջողվել է առաջընթացի հասնել Գազայի հատվածում ստեղծված իրադրության շուրջ բանակցություններում։

2023 թ. նոյեմբերին Կատարը, Եգիպտոսը և Միացյալ Նահանգները որպես միջնորդներ հանդես եկան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև 7-օրյա հրադադարի կնքման հարցում, որի արդյունքում ազատ արձակվեցին 105 պատանդներ: Դրա դիմաց Իսրայելն ազատ արձակեց իր մոտ բանտարկված 240 պաղեստինցիների։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժել էին Իսրայել՝ սպանելով շուրջ 1200 մարդու, գերեվարելով 240-ին։ Իսրայելն այս հարձակումից հետո պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և ռազմական գործողություններ է իրականացնում Գազայի հատվածում, որտեղ զոհերի թիվը գրեթե 26 700 է։ 1,7 միլիոն մարդ տեղահանվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս