Կանադան չեղարկել է Թուրքիային զենքի մատակարարման էմբարգոն․ Հայ դատի հանձնախումբը կոչ է անում վերանայել որոշումը
Կանադայի կառավարությունը որոշել է չեղարկել Թուրքիային զենքի մատակարարման էմբարգոն։
Այս մասին հայտնում է Հայ դատի Կանադայի հանձնախումբը։
«Հայ դատի Կանադայի հանձնախումբը դատապարտում է Կանադայի կառավարության վերջին որոշումը՝ Թուրքիային զենքի մատակարարման երկարամյա էմբարգոն չեղարկելու վերաբերյալ։ Այս որոշումը տագնապալի մտահոգություններ է առաջացրել կանադահայ համայնքում, քանի որ այն վտանգում է Կանադայի հավատարմությունը մարդու իրավունքներին, միջազգային անվտանգությանն ու արդարությանը»,- ասված է հանձնախմբի տարածած հայտարարության մեջ։
Չնայած Կանադայի արտաքին գործերի նախարարության կողմից 2019թ․ հոկտեմբերին Թուրքիային զենք վաճառելու մորատորիում սահմանելուն, կառավարությունը 2020թ․ գարնանը թույլ էր տվել L3Harris/WESCAM անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների արտահանումը Թուրքիա։
«2020թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ պատերազմ հայտարարելուց հետո ի հայտ եկան էական ապացույցներ Թուրքիայի կողմից սարքավորումները դեպի Ադրբեջան անօրինական տարանցելու վերաբերյալ, ինչը խախտում էր Կանադայի հետ իր պայմանագրային պարտավորությունները և հանգեցրեց Ադրբեջանի կողմից կանադական արտադրության WESCAM տեխնոլոգիաների ապօրինի օգտագործմանը Արցախում խաղաղ բնակչության դեմ։ Ներքին հետաքննության և խորհրդարանական ստուգումների արդյունքում կառավարությունը 2021 թվականի ապրիլին չեղարկեց Թուրքիա արտահանման բոլոր թույլտվությունները։
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ՝ Թուրքիան հետևողականորեն անտեսում է մարդու իրավունքները, ժողովրդավարական արժեքները և օրենքի գերակայությունը, պահպանում է պայմանագրային համաձայնագրերը խախտելու ռեկորդը: Զենքի էմբարգոյի վերացումը ոչ միայն հակասում է Կանադայի վաղեմի սկզբունքներին, այլև անտեսում է շարունակվող ագրեսիան և մարդու իրավունքների խախտումները, որոնք Թուրքիայի կողմից իրականացվում են տարբեր ժողովուրդների, այդ թվում՝ հայության նկատմամբ։ Հայ դատի հանձնախումբը Կանադայի կառավարությանը խստորեն կոչ է անում վերանայել այս անխոհեմ որոշումը և սկզբունքային դիրքորոշում որդեգրել թուրքական կառավարության ռազմատենչության դեմ։Զենքի էմբարգոն հանելով՝ Կանադան միայն քաջալերում է նախագահ Էրդողանի ռեժիմին, և անգամ ևս իրեն վտանգում է՝ մեղսակցություն ունենալ թուրքական ռեժիմի կողմից իրականացվող և հովանավորվող հանցագործությունների մեջ, որոնք սպառնում են հայերին, ինչպես նաև տարածաշրջանի այլ ժողովուրդներին: Նման քայլը մտահոգիչ ուղերձ է միջազգային հանրությանը և խաթարում է Կանադայի նվիրվածությունը մարդու իրավունքներին, խաղաղությանն ու արդարությանը»,- ասված է հայտարարության մեջ։
Հայ դատի Կանադայի հանձնախումբն ընդգծում է, որ Կանադայի կառավարությունը պետք է կարճաժամկետ քաղաքական նկատառումների փոխարեն առաջնահերթություն տա մարդու իրավունքներին, միջազգային անվտանգությանն ու արդարությանը:
Հանձնախումբը Կանադայի կառավարությանը կոչ է անում ականջալուր լինել կանադահայ համայնքի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մարդու իրավունքների պաշտպանների մտահոգություններին։
«Թեև ի գիտություն ենք ընդունել զենքի արտահանման թույլտվությունները չեղարկելու կամ կասեցնելու կառավարության որոշումը այն պարագայում, երբ թուրքական կողմից չարաշահումների վերաբերյալ հավաստի ապացույցներ պարզվեն, մենք Կանադայի կառավարությանը կոչ ենք անում ընդհանրապես չեղարկել այս որոշումը և վճռական դիրքորոշում ընդունել թուրքական կառավարության ագրեսիայի դեմ՝ դրանով իսկ վերահաստատելով հավատարմությունը Կանադայի ժողովրդին բնորոշող սկզբունքներին»,- ասվում է հայտարարությունում: