Սպիտակ տունը վստահ չէ, որ Իրանն է ուղղորդել Հորդանանում ԱՄՆ ռազմակայանի վրա հարձակումը
ԱՄՆ վարչակազմը խոստովանել է, որ հստակ տեղեկատվություն չունի, որ Իրանն է ուղղորդել Հորդանանի հյուսիսում ԱՄՆ ռազմակայանի վրա հարձակումը, որի հետևանքով 3 ամերիկացի զինծառայող էր զոհվել։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչներից Ջոն Քիրբին։
Նա միևնույն ժամանակ շեշտել է, որ Իրանն աջակցում է հարձակումն իրագործած խմբավորումներին։
«Նրանք աջակցում են այս խմբավորումներին, միջոցներ են տրամադրում, զենք են տրամադրում, վերապատրաստում են։ Անշուշտ, նրանք չեն դատապարտում այդ հարձակումները։ Թե ինչ չափով է դա ուղղորդված եղել Թեհրանից, չեմ կարող ասել», – հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին՝ մեկնաբանելով Հորդանանում ամերիկյան զորքերի վրա հարձակման մեջ Իրանի ենթադրյալ մեղավորության մասին հարցը:
Քիրբին հավելել է, որ Իրանի ղեկավարների վրա որոշակի պատասխանատվություն է ընկած այս առումով։
Միևնույն ժամանակ Քիրբին հայտարարել է, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ պատերազմի կամ զինված հակամարտության չի ձգտում։
«Մենք պատերազմի չենք ձգտում Իրանի հետ: Մենք չենք ձգտում զինված հակամարտության (խմբ․՝ Իրանի) վարչակարգի հետ․․․ Մենք չենք ձգտում էսկալացման», – ասել է Քիրբին՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին հարվածներ հասցնելու հնարավորությունը Հորդանանում ամերիկյան ռազմակայանի վրա հարձակման պատճառով:
Հունվարի 28-ին Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմակայանի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակման հետևանքով 3 ամերիկացի զինծառայող է զոհվել, առնվազն 34-ը՝ վիրավորվել։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հարձակման մեջ մեղադրել է Իրանի հետ կապված խմբավորումներին։ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը հայտարարել է, որ Թեհրանն առնչություն չունի այդ հարձակմանը։