Ադրբեջանը հիմա էլ թիրախավորել է լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանին. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
Պատմությունն անվերջ կեղծելով ու դրա համար անպատիժ մնալով, ստի հենքի վրա երկիր դառնալով ու ազգություն ձեռք բերելով՝ ադրբեջանցիները հիմա էլ թիրախավորել են լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանին` ամեն կերպ նսեմացնելով նրա բացառիկ դերակատարությունը «Թեհրան-43» կոնֆերանսում Մեծ եռյակի անվտանգությունն ապահովելու, գերմանական հետախուզության քայլերը վնասազերծելու գործում: Ադրբեջանցիների միֆական երևակայությունը հորինել է Մահմեդ Հուսեյին Ասադովին` նրան վերագրելով Գևորգ Վարդանյանի ու նրա խմբի բացառիկ մասնակցությամբ, Իվան Աղայանցի գլխավորությամբ իրականացված օպերացիայի դափնիները: Այս մասին հայտարարություն է տարածել «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն:
Հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Զավեշտն այն է, որ ադրբեջանցիներին չի կանգնեցում ոչ միայն այն փաստը, որ իր անուրանալի ծառայությունների, այդ թվում և թեհրանյան կոնֆերանսի անվտագության ապահովման համար Գևորգ Վարդանյանը ԽՍՀՄ հետոախուզության պատմության մեջ պատերազմից հետո Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացած առաջին անլեգալ հետախույզն է, այն կարգի կարևորության դեմք, ում ընդունելու անհրաժեշտությունն է կարևորել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով չնայած իր բազմազբաղ գործունեությանը, նաև անձամբ է մասնակցել Գ․ Վարդանյանի սգո արարողությանը` ծնկելով նրա այրու` ոչ պակաս նշանավոր հետախույզ Գոհար Վարդանյանի առաջ:
Հետաքրքրիր է, որ պատմության հեռացող գնացքի ուղևոր դառնալու փորձ կատարող, պատմություն մոգոնող ադրբեջանցի զեղծարարներին դեռևս 2020թ. է հուժկու հարված է հասցրել eadaily.com/ru լրատվականը, որը մանրամասների մեջ արձանագրել է նրանց կեղծարարությունը ոչ միայն Գ․ Վարդանյանի, այլև պատերազմի մասնակիցների ու հերոսների ցուցակների հավելագրման, «նորահայտ» պարտիզանների ու հետախույզների ի հայտ բերման, այլոց վաստակի յուրացման հետ կապված։
Ադրբեջանական կեղծիքների մերկացման առարկայական օրինակ էր և 2023-ին ռուսական RTR հեուստատեսությամբ հեռարձակված փաստավավերագրական ֆիլմը՝ նվիրված Գ․ Վարդանյանի գործունեությանը, նրա անուրանալի ներդրմանը «Թեհրան-43»-ում։ Սակայն ինչպես երևում է, ադրբեջանական կողմի համար առավել ռեալ փաստարկ է ստի ու կեղծիքի տիրաժավորումը։ Սա առանձնապես վտանգավոր է Գևորգ Վարդանյանի այս տարվա փետրվարի 17-ին լրացող ծննդյան 100-ամյակի նախաշեմին։
Ցավոք ինչպես ադրբեջանական մնացած կեղծիքների ու ստերի, այնպես և այս մեկի պարագայում հայաստանյան պրոպագանդան քնած է ուղտի ականջում։ Երևի թե տագնապում է, թե ձայն հանելը կվնասի խաղաղության դարաշրջանի բացմանը, մինչդեռ դիմացինը հետևողականորեն շարունակում է կեղծել, գողանալ մեր պատմությունը։