Ավստրիան դադարեցնում է ՄԱԿ-ի գործակալության ֆինանսավորումը՝ ՀԱՄԱՍ-ի հետ կապի մեղադրանքների պատճառով
Ավստրիան, հետևելով իր մի շարք գործընկերների, որոշել է դադարեցնել ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալության ֆինանսավորումը։ Այս մասին X սոցիալական հարթակում գրել է Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը։
Նման որոշման պատճառ է դարձել այն, որ Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (ՄԱՕԱԳ) աշխատակիցներին մեղադրում են 2023 թ․ հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման կողմից Իսրայելի քաղաքների վրա հարձակմանը մասնակցության մեջ։
«Ավստրիան դադարեցնում է վճարումները ՄԱՕԱԳ-ին: Մենք ՄԱՕԱԳ-ին և ՄԱԿ-ին կոչ ենք անում կատարել մեղադրանքների համակողմանի, արագ և լիակատար հետաքննություն: Հոկտեմբերի 7-ի ահաբեկչության հնարավոր մասնակիցները պետք է պատասխանատվություն կրեն», – գրել է Նեհամերը:
Իր հերթին Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ Վիեննան «օգնում է Գազայում տառապող քաղաքացիական բնակչությանը»։ Պաղեստինցի քաղաքացիական բնակչությանն Ավստրիայի օգնության ընդհանուր ծավալը 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հասնում է 13 միլիոն եվրոյի։
Ավելի վաղ մի քանի երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Կանադան, ԱՄՆ-ն և Գերմանիան, նույնպես հայտարարել էին ՄԱԿ-ի գործակալության ֆինանսավորման դադարեցման մասին՝ ՀԱՄԱՍ-ի հետ այդ կազմակերպության որոշ աշխատակիցների առնչության կասկածների պատճառով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ՄԱՕԱԳ-ի գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լացարինին կարգադրել է հեռացնել մի քանի աշխատակիցների, որոնք, ենթադրաբար, առնչություն ունեն 2023 թվականին Իսրայելի հարավային շրջանների վրա ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակման հետ:
ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժման հետևանքով Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, 240 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելն այդ հարձակումից հետո ռազմական գործողություններ է իրականացնում Գազայի հատվածում, որտեղ զոհերի թիվը հասել է 26 700-ի։