Փհենյանը հայտարարել է սուզանավից արձակված թևավոր հրթիռների հաջող փորձարկման մասին
ԿԺԴՀ-ն հունվարի 28-ին անցկացրել է սուզանավից «Պուլհվասալ-3-31» ռազմավարական թևավոր հրթիռի փորձարկում:
«Թևավոր հրթիռները 7421 և 7445 վայրկյան թռել-անցել են Կորեական Արևելյան ծովի վրայով (խմբ․՝ Ճապոնական ծով) և կղզում ճշգրիտ խոցել թիրախը», – հաղորդել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ փորձնական արձակումը «ոչ մի կերպ չի ազդել շրջակա երկրների անվտանգության վրա և տեղի է ունեցել տարածաշրջանում տիրող իրավիճակից միանգամայն անկախ»։
Ընդգծվում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, որը ղեկավարել է արձակումը, «մեծ գոհունակություն է հայտնել փորձարկման արդյունքից»։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է հաջող փորձարկումների ռազմավարական կարևորությունը «հզոր ռազմածովային ուժեր ստեղծելու համար»։
Հունվարի 28-ին Yonhap գործակալությունը, հղում անելով Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեին, հաղորդել էր, որ Փհենյանը մի քանի թևավոր հրթիռ է արձակել։
Ավելի վաղ Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ «Պուլհվասալ-3-31» նոր ռազմավարական թևավոր հրթիռի առաջին փորձարկումն անցկացվել է հունվարի 24-ին։