Բաժիններ՝

Հունգարիան հայտարարել է, որ չի ենթարկվի Կիևի ֆինանսավորման հետ կապված ԵՄ-ի «շանտաժին»

Եվրամիությունը նախատեսում է սաբոտաժի ենթարկել Հունգարիայի տնտեսությունը, եթե Բուդապեշտն այս շաբաթ կայանալիք ԵՄ գագաթնաժողովում արգելափակի Կիևին ցուցաբերվող օգնության նոր փաթեթը: Այդ մասին հաղորդում է Financial Times-ը:

Հրատարակությունը գրում է, որ ծանոթացել է գաղտնի պլանին, որում Բրյուսելը շարադրել է այն ռազմավարությունը, որը նախատեսում է օգտագործել Հունգարիայի տնտեսական խնդիրները, ներառյալ` բարձր պետական ​​դեֆիցիտը, բարձր գնաճը, թույլ արժույթը և ԵՄ-ում պարտքի սպասարկման վճարումների ամենաբարձր մակարդակը, եթե Բուդապեշտը վետո կիրառի Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցում:

Հունգարիայի ԵՄ հարցերով նախարար Յանոշ Բոկան իր սոցցանցերում գրել է, որ իր երկիրը չի տրվի Եվրամիության «շանտաժին ու քաղաքական ճնշմանը», որը փորձում է իրեն ստիպել հաստատել Ուկրաինայի ֆինանսավորումը։

Փոխզիջման հասնելու նպատակով Բուդապեշտը հունվարի 27-ին նոր առաջարկ է ուղարկել Բրյուսելին՝ նշելով, որ Հունգարիան սկզբունքորեն պատրաստ է ԵՄ բյուջեն օգտագործել Ուկրաինային օգնելու նպատակով, եթե փոփոխություններ մտցվեն, որոնք հնարավորություն կտան որոշումը վերանայել:

Անցյալ տարվա դեկտեմբերին կայացած գագաթնաժողովում ԵՄ երկրների ղեկավարները չկարողացան փոխհամաձայնության հասնել Ուկրաինային 50 մլրդ եվրո հատկացնելու շուրջ, քանի որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն արգելափակել էր 2024-2027 թթ․ ԵՄ բյուջեում փոփոխությունները։ Փոխարենը նա առաջարկել էր Կիևին ֆինանսական օգնություն տրամադրել ամենամյա սկզբունքով՝ ծախսերի խիստ վերահսկողությամբ։ Հարցը կրկին քննարկվելու է փետրվարի 1-ին՝ Բրյուսելում ԵՄ երկրների ղեկավարների գագաթնաժողովում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս