Ղարիբյանների ընտանիքում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմի հերոս Տիգրանի եղբայրը
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին գյուղում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում հերոսացած ժամկետային զինծառայող Տիգրան Համբարձումի Ղարիբյանի եղբայրը՝ Շանթը։
Ինչպես տեղեկանում ենք Սևանի համայնքապետարանի աշխատակազմից՝ 2024 թվականի հունվարի 23-ին ծնված Շանթը ջերմություն, սեր ու հավատ է սփռել Ղարիբյանների ընտանիքում, փարատել է հայրենիքի ազատության համար անմահացած Տիգրանի ծնողների ու հարազատների կորստյան ցավը ու դարձել որդեկորույս ընտանիքի վերահաս երջանկության աղբյուրը, հույսի շողարձակումը։
Տիգրան Համբարձումի Ղարիբյանը բանակ է զորակոչվել 2019 թվականի ամռանը, եղել է տանկիստ։ 2020 թվականի սեպտեմբերի 30-ին անմահացել է Ջրականի համար մղված մարտերում։
«Տիգրանը Համբարձում և Նարինե Ղարիբյանների ընտանիքի միակ արու զավակն էր, ուներ մեկ քույր։ Շատ դժվար էր ծնողների համար՝ նման ծանր կորստից հետո մտածել ևս մեկ երեխա ունենալու մասին։ Սակայն նրանք հաղթահարեցին բոլոր դժվարությունները, և հիմա նրանց օջախը լցվել է մանկան ճիչով ու երջանկությամբ։ Ի դեպ, Համբարձում Ղարիբյանը ծանր կորուստ է ունեցել նաև Արցախյան առաջին պատերազմի ժանամակ․ մինչ օրս անհետ կորած է համարվում նրա եղբայր Տիգրանը, ում անունը հավերժացնելու համար էլ նա իր որդուն Տիգրան էր անվանակոչել»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։
Խոսրով Խլղաթյան