
Ճապոնական մոդուլը հատուկ տեսախցիկի միջոցով լուսանկարել է Լուսնի մակերևույթի հանքանյութերը

Ճապոնական SLIM առաջին լուսնային մոդուլը վայրէջքից անմիջապես հետո կարողացել է հատուկ սպեկտրադիտական տեսախցիկի միջոցով լուսանկարել Լուսնի մակերևույթի հանքանյութերը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ճապոնիայի Օդատիեզերական հետազոտությունների գործակալությունը (JAXA)։
Տեսախցիկը լուսանկարել է 15 րոպե, որից հետո նրա աշխատանքը դադարեցվել է, քանի որ սարքի արևային մարտկոցները չեն աշխատում, և այն էներգիա է ստանում ներկառուցված մարտկոցից։ Արդյունքում արվել է 257 լուսանկար՝ նախատեսված 333-ի փոխարեն։
Ճապոնիան դարձել է աշխարհում հինգերորդ երկիրը, որի մոդուլը վայրէջք է կատարել Երկրի բնական արբանյակի վրա: Նախկինում դա հաջողվել է Խորհրդային Միությանը, ԱՄՆ-ին, Չինաստանին և Հնդկաստանին։ Մոդուլը վայրէջք է կատարել հունվարի 20-ին: Այսպիսով JAXA-ի մասնագետները կատարել են առաջադրված խնդիրը. իրականացնել գերճշգրիտ վայրէջք առաջադրված նպատակակետից 100 մետրից ոչ ավելի շառավղով։
SLIM-ը հանդերձված է հատուկ խցիկով, որը թույլ է տալիս չափել երկաթի և այլ տարրերի պարունակությունը Լուսնի մակերևույթի ապարներում: