Հաստատվել է Զինված ուժերի կարիքների համար իրականացվող պետական գաղտնիք պարունակող գնումների ցանկը

Կառավարության հունվարի 25-ի նիստում գործադիրը հաստատեց Զինված ուժերի կարիքների համար իրականացվող և պետական գաղտնիքի շարքին դասվող գնումների մասին տեղեկությունների ցանկը։

Ըստ որոշման՝ պետական գաղտնիքի շարքին է դասվելու նաև զինված ուժերի կարիքների համար իրականացված գնումների մասին տեղեկատվությունը՝ պետական գաղտնիք պարունակող ռազմական տեխնիկայի ու սպառազինության, պետական գաղտնիք պարունակող ռազմամթերքի միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների, ինչպես նաև ռազմական կարիքների ապահովման նպատակով անշարժ գույքի ձեռքբերման վերաբերյալ տեղեկատվությունը:

Պետական գաղտնիքի շարքին դասվող ցանկը, ըստ գերատեսչական պատկանելության, հաստատում է ՀՀ կառավարությունը, գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը չեն գաղտնագրվում և ենթակա են հրապարակման, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանցում ընդգրկվող կոնկրետ տեղեկության վերտառությունն ինքնին ամրագրման փաստի ուժով կարող է լինել պետական գաղտնիք: Այդ առումով, որոշման նախագծում ընդգրկվող վերտառություններն ինքնին պետական գաղտնիք չեն հանդիսանում:

Միաժամանակ, որոշման նախագծում անհրաժեշտություն է առաջացել ընդհանուր սպառազինությունից տարանջատված ներկայացնել հակաօդային պաշտպանության, հրթիռային, համազարկային կրակի ռեակտիվ, հակատանկային համալիրների, հրետանային համակարգերի, ավիացիոն և այլ սպառազինությունների գնումները` հաշվի առնելով ԶՈՒ կարիքների համար ձևավորվող գնումների պլանի կարգավորումները:

Պետական գաղտնիք համարվող ԶՈւ գնումների մասին տեղեկությունների ցանկում են ընդգրկված ամրաշինական կառույցների ձեռքբերման կամ տեղադրման ծառայությունների ձեռք բերելու, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ձեռքբերում կամ արդիականացման կամ վերանորոգման, հակաօդային պաշտպանության միջոցների ձեռքբերման կամ արդիականացման կամ վերանորոգման, Ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ձեռքբերման կամ արդիականացման մասին տեղեկությունները։

Տեսանյութեր

Լրահոս