Հայաստանի ճանապարհների անվտանգության պարտադիր աուդիտ կանցկացվի

Հայաստանի ճանապարհների անվտանգության պարտադիր աուդիտ կանցկացվի և կստեղծվի ճանապարհների անվտանգային տվյալների կառավարման միասնական ու ինտեգրված համակարգ։ Կառավարության հերթական նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ընդգծելով, որ նախագծի նպատակը ճանապարհային ցանցի և թունելների անվտանգության մակարդակը բարձրացնելն է և դրանց հնարավոր ռիսկերի նվազեցումը։

«Առաջին կարգավորումը վերաբերվում է ճանապարհային անվտանգության աուդիտին։ Մենք սրանով սահմանում ենք, որ ճանապարհների անվտանգության աուդիտի անցկացումը դառնում է պարտադիր պահանջ։ Ճանապարհների նախագծման, շինարարության փուլից սկսած, ինչպես նաև շահագործմանը հանձնելուց մեկ տարի հետո պետք է աուդիտ իրականացվի։ Մենք այսպիսի փորձ ունենք մեր միջազգային ծրագրերով իրականացվող ճանապարհների հետ կապված, հիմա նաև միջպետական, հանրապետական և տեղական ճանապարհների մասով սա դարձնում ենք պարտադիր։ Այս պահանջը կատարելու համար ճանապարհային անվտանգության աուդիտորների որակավորման պահանջ ենք դրել, որպեսզի որակավորվեն մարդիկ, նաև որոշակի տուրք վճարեն, և այդ մասնագետները կարողանան աշխատանք իրականացնել։ Իհարկե, այստեղ կարևոր է, որ աուդիտորը չպետք է կապ ունենա նախագծող, հեղինակային, տեխնիկական հսկողություն կամ շինարարություն իրականացնող ընկերության հետ»,-ընդգծեց Սանոսյանը՝ հավելելով, որ աուդիտի առաջին փուլը նախատեսում են անցկացնել 2025 թվականի հուլիսից։

Նախարարի խոսքով՝ երկրորդ կարգավորմամբ ցանկանում են ստեղծել ճանապարհների անվտանգային տվյալների կառավարման միասնական և ինտեգրված համակարգ, որի մեջ կներառվեն ճանապարհատրանսպորտային պատահարները, զոհվածների և վիրավորների հետ կապված տեղեկությունների հավաքագրումը, ճանապարհային երթևեկության ոլորտում վարչական իրավախախտումների վերաբերյալ խախտումների, ավտոմոբիլային ճանապարհների վերաբերյալ տվյալների վերլուծությունը։

«Հիմա տարբեր գերատեսչությունների միջոցով ենք այս տեղեկությունը վերլուծում։ Մեր նպատակն է, որ միասնական համակարգ լինի, որպեսզի կարողանանք արդյունավետ վերլուծություն իրականացնել»,- ասաց Սանոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս