Ռայիսին և Էրդողանն ընդգծել են կովկասյան տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը
Իրանն ու Թուրքիան համատեղ հայտարարություն են տարածել, որում, ի թիվս տարբեր տարածաշրջանային և միջազգային հարցերի, ընդգծել են Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու կարևորությունը։
«Ընդգծելով կովկասյան տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը՝ երկու երկրները 3+3 երկխոսության մեխանիզմը գնահատել են որպես անդամ երկրների միջև խորհրդակցությունների և կառուցողական համագործակցության հարմար հարթակ», – գրված է հայտարարության տեքստում։
Համատեղ հայտարարությունը ստորագրվել է հունվարի 24-ին Անկարայում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքներով։
Փաստաթղթում կողմերը նաև դատապարտել են Իսրայելի ռազմական գործողությունները Գազայի հատվածում, ընդգծել են երկու երկրների փոխադարձ կամքը՝ Սիրիայում խաղաղություն պահպանելու համար, իրենց աջակցությունն են հայտնել Եմենի տարածքային ամբողջականությանը, միևնույն ժամանակ շեշտել են միջազգային ջրերում, այդ թվում՝ Կարմիր ծովում նավագնացության անվտանգության կարևորությունը, ինչպես նաև Ուկրաինայում կայուն խաղաղության կոչ են արել՝ հակամարտող կողմերի միջև քաղաքական երկխոսության միջոցով։
Թուրքիայի նախաձեռնած տարածաշրջանային հարթակը ենթադրում է համագործակցություն Հարավային Կովկասի 3 երկրների՝ Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի և նրանց 3 հարևանների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև։ Հարթակի շրջանակներում տեղի է ունեցել երեք հանդիպում, երկուսը՝ արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով, երրորդը՝ արտգործնախարարների մակարդակով։ Վրաստանը ոչ մի հանդիպման չի մասնակցել։