Միջազգային խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում մշակութային սպանդը կանխելու առաջնային միջոցներից է․ քննարկում Եվրախորհրդարանում

Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային սպանդը կանխելու առաջնային միջոցներից են տեղում միջազգային խաղաղապահների ներկայությունն ու հստակ մեխանիզմների առկայությունը։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ համապարփակ քննարկումից հետո նման եզրահանգման են եկել Եվրոպական խորհրդարանում կայացած համագումարի մասնակիցները, որը կրում էր «Պահպանել Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական ժառանգությունը» խորագիրը։

Համագումարին մասնակցած ԵԽ պատգամավորները վստահեցրել են, որ անելու են ամեն ինչ, որպեսզի հարցը ԵՄ գործադիր մարմնում ևս ուշադրության կենտրոնում լինի։

Եվրոպական խորհրդարանի սլովակ պատգամավոր Միրիամ Լեքսմանը իր ելույթում նշել է, որ Եվրոպական Միության պարտքն է ամեն ինչ անել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը փրկելու համար։

«Եվրոպական խորհրդարանը բազմիցս է բարձրաձայնել ադրբեջանական կեղծ թեզերի և միտումնավոր կերպով հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու մասին։ Չնայած սրան՝ Եվրամիությունը կարճաժամկետ տնտեսական խաղի մեջ է և պայմանագիր ունի Ադրբեջանի հետ։ Սա անընդունելի է, և մեր պարտքն է ամեն ինչ անել հայկական ժառանգությունը փրկելու համար», – ասել է Լեքսմանը։

Բելգիայում Հայաստանի դեսպան, ԵՄ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանն իր ելույթում նշել է, որ Ադրբեջանը ոչ միայն միտումնավոր ավերում և սրբապղծում է այն ամենը, ինչը հայկական է, այլև խախտում է իրավական բոլոր պատասխանատվությունները։ «Այս ամենի գլխավոր պատճառը դերակատարների անհետևողական և անհամապատասխան կեցվածքն է, իրավական որոշումների ընտրովի կատարումը։ Պետք է ստեղծել մոնիթորինգի մեխանիզմ, և Եվրախորհրդարանն ունի բավական միջոցներ, որպեսզի ստեղծի այդպիսի խումբ։ Մեր պարտավորությունն է պահպանել այն, ինչ դեռ մնացել է Լեռնային Ղարաբաղում», – ասել է դեսպան Բալայանը։

Գլխավոր բանախոսներից Պիեր դը Արժանը, ով միջազգային իրավունքի հայտնի մասնագետ է և Արդարադատության միջազգային դատարանում ԼՂ պատմամշակութային ժառանգության հարցերով ներկայացուցիչը, իր ելույթում նշել է, որ Բաքուն այսօր փորձում է համագումարի վերնագրի երկու բառ վերացնել՝ հայկականը ու Լեռնային Ղարաբաղը։ «Բաքուն հարցականի տակ է դնում հայկականը, և նրա համար գոյություն չունի Լեռնային Ղարաբաղը։ Նրանք ցանկանում են իրենց հսկողության տակ պահել պատմությունը։ Խտրականությունը և պատմության խեղաթյուրումը պետական քաղաքականություն են այդ երկրում։ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը կենդանի է, ապրող է, և այն կարող է գոյություն ունենալ, եթե արցախահայությունն այն ապրեցնում է», – ասել է Դը Արժանը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի տնօրեն և Լեռնային Ղարաբաղի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի վարիչ, Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը, շարունակելով Պիեր Դը Արժանի միտքը, վերահաստատել է, որ մշակութային ժառանգությունը միայն եկեղեցիներն ու հուշակոթողները չեն։ «Մշակույթը կապրի, եթե արցախցիները կարողանան հաճախել իրենց աղոթատեղիներ և պահպանել իրենց կրոնական և ազգային ավանդույթները։ Ադրբեջանը, ժխտելով հայկականի և հայերի գոյությունն ու ներկայությունը, փորձում է ջնջել նրանց հետքը, և պետք է ամենախիստ ձևով պատասխանատվության ենթարկվի։ Եվրախորհրդարանի դերակատարությունը շատ մեծ է՝ հատկապես մարդու իրավունքների և օրենքի գերակայության առաջխաղացման հարցում»,- ասել է նա։

Մշակութային ժառանգության մասնագետ Արմինե Տիգրանյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ այսօր ավելի քան 4 հազար հայկական հուշարձան, վանական համալիր և մշակութային կառույց գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ վերացման վտանգի առջև։ Տիգրանյանը նշեց, որ մտահոգություններից և խոսքերից անդին, պետք է հստակ միջոցներ ձեռնարկել այս ամենը կանխելու համար։ Մասնագետը ցույց տվեց տարբեր վանական համալիրների և հուշակոթողների լուսանկարներ՝ կանգուն կամ մասամբ արդեն ավերված և կոչ արեց համապատասխան և ազդեցիկ միջոցներ ձեռնարկել այս ամենը փրկելու համար։

«Եվրոպա Նոստրա» (Քաղաքացիական հասարակության եվրոպական ձայնը՝ նվիրված մշակութային ժառանգությանը) կազմակերպության գլխավոր քարտուղար Սնեշկա Քուաեդվլիեգ Միխայլովիչի խոսքով՝ ԵՄ-ն պետք է ավելի կոշտ հռետորաբանություն որդեգրի կատարվածի վերաբերյալ և հստակ մեխանիզմով կանխի մշակութային ողբերգությունը, որի ականատեսն ենք այսօր։

«Փաստը, որ 2023 թվականին էլ կարող են էթնիկ զտումներ իրականացվել, մտահոգիչ և վտանգավոր է։ Խաղաղության պայմանագրի մասին է խոսվում, բայց մենք պետք է վստահ լինենք, որ այն պարունակում է մշակութային ժառանգության ամբողջական պաշտպանություն։ Այսօր մենք հնարավորություն չունենք համագործակցելու մշակութային ժառանգության ադրբեջանցի մասնագետների հետ, բայց շատ կցանկանայինք», – նշել է «Եվրոպա Նոստրա»-ի գլխավոր քարտուղարը։

Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի քարտուղար Պետեր Պավլովիչի խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, ինքնության հետ անմիջական առնչություն ու շատերի վրա ազդեցություն ունի։ Նա ևս կարևորեց միջազգային դիտորդական մեխանիզմի կարևորությունը, որը պետք է փոխարինի խոսքերին։

Նույն համատեքստում Եվրոպական խորհրդարանի իտալացի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն առաջարկեց օգտագործել եվրոպական արբանյակները, հետևել և փաստագրել այն ամենը, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, հետագայում դրանք օգտագործել միջազգային կառույցներում՝ որպես ապացույց։ Եվրախորհրդարանի պատգամավորը համոզված է՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հզոր փաթեթը միակ լուծումն է։

Համագումարի ավարտին մասնակիցները դիտել են Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, համագումարի կազմակերպչական աշխատանքներին մասնակցած Գզավիյե Բելյամիի տեսաուղերձը։ «Մեկ բռնապետ ցանկանում է ջնջել մի ամբողջ ժողովրդի և վերացնել նրանց գոյության վերաբերյալ ցանկացած հետք։ Մենք գիտենք, որ ցեղասպանությունը տեղի է ունենում ժխտողականությամբ, իսկ ժխտողականությունը գալիս է ավերումով։ Արցախահայերն այսօր զրկված են իրենց պատմական շարունակականությունից և իրենց հայրենիքում ապրելու իրավունքից»,- ասել է Բելյամին։

ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս