«GreenRock»-ը հետազոտություն է իրականացնում․ տարածքը վերցված է, սակայն հայտնի չէ, թե այնտեղ ինչ կկառուցվի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Օղակաձեւ զբոսայգու 4-րդ հատվածում գտնվող թենիսի կորտերի տարածքի ապագան դեռ անորոշ է: Վերջերս մեծ աղմուկ բարձրացրեց քաղաքապետարանի հերթական որոշումը՝ Օղակաձեւ զբոսայգու 4-րդ հատվածում գտնվող սրճարանները, ժամանցի վայրերը, այդ թվում՝ «Արարատ» ակումբին պատկանող թենիսի կորտերը քանդելու վերաբերյալ:
Factor.am լրատվականը բացահայտել էր, որ թենիսի կորտերի տարածքը տրվելու է Երեւանին 254 մլն դրամ նվիրաբերած Evocabank-ի բաժնետիրոջը՝ Մարետա Գեւորկյանին. վերջինս նաեւ հանդիսանում է «GreenRock Management Group» ընկերության սեփականատերը: Եվ հենց «GreenRock Management Group» ընկերությունն էլ դիմել է քաղաքապետարան՝ տարածքը իրենց տրամադրելու համար: Այսինքն՝ մի ընկերությունից, որը սպորտային նպատակով այգու տարածքը զբաղեցրել է, վերցնում է իշխանությունը եւ տալիս մեկ այլ գործարարի, որը քաղաքին գումար է տվել:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց «GreenRock Management Group» կազմակերպություն՝ պարզելու, թե ինչ նպատակով է տարածքը օգտագործվելու: Կազմակերպությունից մեզ պարզաբանեցին, որ նախագիծը դեռ քաղաքապետարանում է, վերջնական որոշում դեռ չկա, այսինքն՝ գործարքը դեռ չի ավարտվել: Իսկ կազմակերպությունն այս ընթացքում հետազոտություն է իրականացնում՝ պարզելու, թե քաղաքացիները թենիսի կորտերի տարածքում ինչ կցանկանային տեսնել: Ըստ այդ հետազոտությունների արդյունքների՝ գործարքի ամբողջական ավարտից հետո կորոշվի՝ ինչ է կառուցվելու թենիսի կորտերի տարածքում: Այսինքն՝ տարածքը վերցրել է ընկերությունը, բայց դեռ չգիտի՝ ինչ է ուզում կառուցել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ բարձրացած այս մեծ աղմուկից եւ քաղաքացիների շրջանում առաջացած դժգոհություններից հետո ակտիվիստների մի խումբ մտադիր է ընդհուպ բոյկոտ հայտարարել Evocabank-ին»: