Կերկարացնե՞ն հայ գերիների կալանքը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերից Բաքվի բանտում գտնվող Արցախի ռազմաքաղաքական 8 ղեկավարների կալանքի ժամկետը լրանում է: Հունվարի 28-ին լրանում է նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանավորման 6 ամիսը, հունվարի 30-ին` Դավիթ Բաբայանինը, նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի եւ Արայիկ Հարությունյանի կալանքը լրանում է փետրվարի 3-ին: Նրանք կալանավորվել էին 4 ամսով, եւ որոշ հույսեր կային, որ ժամկետը լրանալուն պես ազատ կարձակվեն:

ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերը ներկայացնող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեռ պարզ չէ, թե ինչ քայլեր կանի ադրբեջանական իշխանությունը: Նկատեցինք, որ դատելով Ալիեւի վերջին հարցազրույցից, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն էլի կմնան կալանքի տակ, ավելին` Ալիեւը երազում է եւս 2 հոգու կալանավորել` Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին:

«Կան օրենսդրական կարգավորումներ, եթե նախաքննությունն ավարտված չէ, եւ կա իբրեւ թե նոր ապացույցներ ձեռք բերելու անհրաժեշտություն, ապա դատարանին կալանքը երկարացնելու միջնորդություն կներկայացվի: Այն կարող է լինել 1, 2, 3 ամսով, ցուցե՝ ավելի շատ:

Այս պահին չկան հստակ տեղեկություններ, սակայն կարծում եմ՝ առաջիկայում գործերի ընթացքը պարզ կլինի: Հավանական եմ համարում՝ թեկուզ կրճատված, սակայն կալանքի երկարացումը: Դեռ որոշակի բեմադրություններ են պահանջվելու, նախքան դատավարությունը»:

Ըստ ադրբեջանական օրենսդրության, նախնական կալանքի ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ 18 ամիս»:

Տեսանյութեր

Լրահոս