ՇՄ նախարարությունը քաղաքացիներին հորդորում է կենդանական աշխարհի նկատմամբ ցուցաբերել պատասխանատու և հոգատար վերաբերմունք
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունն անդրադարձել է հունվարի 24-ին Երևանի Իսակովի պողոտայում ձիու և քուռակի՝ ավտոմեքենայի հարվածի պատճառով վնասվելու և անօգնական վիճակում հայտնվելու դեպքին:
«Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Իսակովի պողոտայում ձին և քուռակը անօգնական վիճակում են հայտնվել: Դեպքի վայրից հայտնում են, որ քուռակի հետևի 2 ոտքերը կոտրված են, հավանաբար ավտոմեքենա է հարվածել ու հեռացել: Ձիուն և քուռակին առաջինը օգնության են հասել հարակից դարբնոցի աշխատակիցները, ովքեր ձիուն ու քուռակին տեղափոխել են անվտանգ վայր։ Ապա դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները, իրականացված աշխատանքներից հետո հայտնաբերվել է կենդանիների սեփականատերը և նրանց տեղափոխել»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ՇՄ նախարարությունից՝ քաղաքացիներին հորդորելով կենդանական աշխարհի նկատմամբ ցուցաբերել պատասխանատու և հոգատար վերաբերմունք՝ մասնավորապես դրանց պահման և խնամքի պարտադիր պահանջների ապահովմամբ։
ՀՀ Քրեական օրենսգրքի 307 հոդված համաձայն սահմանված է պատասխանատվություն կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար՝ պատիժ համապատասխանաբար տուգանքով, հանրային աշխատանքներով կամ ազատազրկմամբ։