Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի դեպքով 9 անձ ճանաչվել է տուժող. ՔԿ
Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չայնիի ոլորաններում, հունվարի 23-ին տեղի ունեցած վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: 9-ը անձ ճանաչվել է տուժող: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով:
«Ավտոմեքենայի վարորդը, ինչպես նաև ավտոմեքենայում գտնվող 13 ուղևորներից 9-ը բուժօգնության են տեղափոխվել տարբեր բժշկական կենտրոններ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Բուժօգնության դիմած անձանցից 9-ը ճանաչվել են տուժող։ Վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Դեպքի հանգամանքները պարզվում են իրականացվող նախաքննությամբ»,- գրել է Գոռ Աբրահամյանն՝ ընդգծելով, որ բուժհաստատություններ դիմած անձանց վիճակը, ըստ նախնական տվյալների, բավարար է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Հունվարի 23-ին ժամը 10․20-ի սահմաններում, Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 124կմ հատվածում, «Գազել» մակնիշի ավտոմեքենան, որը, նախնական տվյալներով, Գավառ-Երևան երթուղով իրականացնում է ուղևորափոխադրում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել։