Էսկալացիայի հավանականություն կա, անթաքույց տարածքային պահանջներ լսեցինք Ալիևի հարցազրույցում․ Միրզոյան
Հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի հավանականություն այս պահին էլ առկա է։ 2023 թ. ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Ընտրությունների (Ադրբեջանի:- խմբ.) պարագայում արդյոք էսկալացիայի հավանականությունը կմեծանա՞, թե՞ ոչ, ես կարծում եմ` էսկալացիայի հավանականություն հայ–ադրբեջանական սահմանին այս պահին էլ առկա է. այն հռետորաբանությանը, որին մենք ականատես եղանք Ադրբեջանի նախագահի ասուլիսին, թույլ չի տալիս մեկ վայրկյան անգամ թուլացնելու մեր զգոնությունը։ Ավելին` նույն հարցազրույցի ժամանակ մենք լսեցինք անթաքույց տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ, ինչպես նաև ՀՀ տարբեր քաղաքաներ ու տարածքներ նա անվանում էր խեղաթյուրված ձևով»,– ընդգծեց նախարարը։
Ըստ նրա` էսկալացիայի հավանականությունը կմեծանա նաև այլ երկրներում այս ընթացքում նախատեսված ընտրությունների ժամանակ ևս։