Միջնորդավորված, թե ուղիղ բանակցությունների հարցը համարում եմ արհեստական․ Արարատ Միրզոյան

Հայաստանի համար սկզբունքային հարց չէ` Ադրբեջանի հետ ուղիղ, թե միջնորդավորված բանակցություններ կանցկացնի, սկզբունքային են բանակցությունների բովանդակությունն ու այն սկզբունքները, որոնց շուրջ դրանք պետք է տեղի ունենան։ Այսօր 2023թ. ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նա շեշտեց, որ ուղիղ կապ կա ոչ միայն վարչապետի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմերի միջև, այլև ԱԳՆ-ների և այլ գերատեսչությունների։ Խաղաղության պայմանագրի շուրջ բովանդակային քննարկումները, առաջարկների փոխանակումները տեղի են ունենում ԱԳՆ-ների միջոցով, այլ կապուղիներով ևս տեղի են ունենում ոչ պաշտոնական շփումներ։

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին հանդիպում անցկացնելու առաջարկին, Միրզոյանը նշեց՝ առաջարկ չի եղել, եղել է գաղափար։

«Բանակցությունների շարունակման առաջարկ մենք չենք ստացել, եթե ստանանք, կմտածենք, կդիտարկենք, կարձագանքենք։ Գրանադայից հետո մշտապես եղել է ղեկավարների նոր հանդիպում կազմակերպելու միտք, տարբեր կողմեր հանդես են եկել առաջարկություններով, կարծեմ այսօր էլ կան այդպիսի ջանքեր, սակայն որևէ պայմանավորվածություն չկա»,- նշեց Միրզոյանը՝ հավելելով, որ խոսքը վերաբերում է ինչպես երկու երկրների ղեկավարների, այնպես էլ ԱԳ նախարարների հանդիպմանը։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացին՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցրեց, որ այստեղ հետընթաց կա, ու խոսքը նաև արդեն ձեռք բերված պայմանավորվածություններին է վերաբերվում, ինչպես, օրինակ, այն հարցին, որ Ադրբեջանի նախագահը հայտարարում է՝ ադրբեջանական ուժերը դուրս չեն գալու ՀՀ օկուպացված տարածքներից՝ այդպիսով կանխորոշելով սահմանազատման հանձնաժողովների աշխատանքները և նշելով, որ այդտեղ պետք է լինեն սահմանները։

Ալիևը պնդում է նաև, որ պետք է նոր սահմաններ գծվեն կամ որպես հիմք օգտագործվեն նախախորհրդային սահմաններ և այլն։

Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։

2023–ի հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2024-ի հունվարի 23-ին ասաց, որ Ադրբեջանին են ուղարկել Խաղաղության պայմանագրի 7–րդ խմբագրումն ու սպասում են պատասխանի։

Տեսանյութեր

Լրահոս