«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը անհանգստություն է հայտնում ադրբեջանական ժխտողականության շարունակական աճի կապակցությամբ
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի այն հայտարարությանը, թե «Հայաստանի դիրքորոշումը Բաքվում հայկական ջարդերի վերաբերյալ կեղծավորություն է»։
«Օրեր առաջ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն Հայաստանի դիրքորոշումը Բաքվի հայկական ջարդերի նկատմամբ համարել է «ակնհայտ կեղծավորություն» և Հայաստանին մեղադրել հունվարյան ողբերգության մասին փաստերը խեղաթյուրելու մեջ։
Մինչդեռ իրական աբսուրդը կայանում է նրանում, որ նման հայտարարությամբ է հանդես գալիս սեփական հարյուրամյա ցեղասպանական գործողությունների, էթնիկ զտումների, ջարդերի ու կոտորածների, էթնոցիդի պատմությունը ծայրից ծայր խեղաթյուրող պետության պաշտոնյան։ Ադրբեջանը պետական մակարդակով պատմական ճշմարտությունների հակադարձման միայն մեկ ձև գիտի՝ խեղաթյուրման մեջ մեղադրելը։ Այսպես են վարվում, երբ խոսք է գնում 1918 թ․ սեպտեմբերի 15-17-ը Բաքվի ավելի քան 30 հազար խաղաղ հայության կոտորածի մասին, երբ հստակ փաստերով արձանագրվում է ավելի քան կես միլիոն հայության հայրենազրկումը։ Արդյո՞ք խեղաթյուրված են նաև արբանյակային այն տեսագրումները, որոնք ցույց են տալիս հայկական մշակութային հուշարձանային համալիրների ոչնչացման հետքերը, արդյո՞ք խեղաթյուրում է ամբողջ Լեռնային Ղարաբաղի հայաթափումը, որը տեղի ունեցավ ամիսներ առաջ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ։ Իսկ Բաքվի հայության 1990 թ․ կոտորածը փաստական իրողություն է, որը դարձավ դեռ 1988 թ․ մարտից բորբոքված հակահայկականության, իսկ 1988 թ․ դեկտեմբերից կիրառված բռնությունների գագաթնակետը՝ որպես 22 ամիս ձգված ռասիզմի հրապարակային և անթաքույց պոռթկում։ Եթե հարյուրավոր հայերի դաժանագույն սպանությունները, թալանը, բռնարարքները պատմական խեղաթյուրումներ են, ապա որտե՞ղ է Բաքվի մեծաքանակ հայ բնակչությունը, որտե՞ղ է սոցիալապես բարեկեցիկ այդ խավի ողջ գույքն ու ունեցվածքը։
Եթե Հայաստանի և միջազգային հանրության պնդումները պատմական խեղաթյուրումներ են, ապա որտե՞ղ փնտրել ադրբեջանական պատմական ճշմարտությունը։ Գուցե, ալիևյան նոր ազգային գաղափարախոսության մե՞ջ, որը սնվում է նեոազգայնական ծավալապաշտությամբ և կեղծ իռեդենտիզմով, ժխտողականության և քաղաքական ու տնտեսական բռնատիրության վերարտադրման անշեղ տեսլականով՝ Ադրբեջանը վերածելով տարածաշրջանային սպառնալիքի։
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն իր անհանգստությունն է հայտնում պետական մակարդակով ադրբեջանական ժխտողականության շարունակական աճի կապակցությամբ՝ հստակ արձանագրելով, որ կատարված հանցանքների անհամաչափ պատասխաններն են, որ դուռ են բացում նոր հանցանքների ու անպատժելիությամբ ոգևորված միջազգային իրավունքի համակարգային ոտնահարման համար և նպաստում միջազգային իրավունքի՝ միայն թույլ պետության կռվան համարելու ալիևյան տեսության գործառնմանը»։