Չինաստանի հարավ-արևմուտքում սողանքի զոհերի թիվը հասել է 11-ի
Չինաստանի հարավ-արևմտյան Յուննան նահանգում հունվարի 22-ին տեղի ունեցած սողանքի զոհերի թիվը հասել է 11-ի, իսկ անհետ կորածների որոնումները շարունակվում են: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Ավելի վաղ հաղորդվել էր 8 զոհի մասին:
Սողանքը տեղի է ունեցել հունվարի 22-ի ժամը 05:51-ին Յուննանի նահանգի Չժենսյուն գավառի մի քանի գյուղերում: 47 մարդ մնացել էր սողանքի տակ։
«Հունվարի 22-ին տեղի ժամանակով 22:00-ի դրությամբ դեպքի վայրում հաջողվել է գտնել 11 մարդու, որոնք անհետ կորած էին համարվում. նրանք բոլորը մահացած էին», – ասվում է Յուննանի նահանգի կառավարության հայտարարության մեջ։
Բնական աղետի վայրում շարունակվում է որոնողափրկարարական գործողությունը, որում ներգրավված են ավելի քան հազար հրշեջ և պրոֆեսիոնալ փրկարար, ինչպես նաև ավելի քան 170 հրշեջ մեքենա։
Ավելի վաղ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կոչ էր արել բոլոր ջանքերը ներդնել սողանքի հետևանքով գետնի տակ հայտնված մարդկանց որոնելու և փրկելու համար։