Լավրովը և Աբդոլլահիանը քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում և Կարմիր ծովում

Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մտահոգություն են հայտնել Կարմիր ծովի ջրատարածքում ստեղծված իրավիճակի առնչությամբ և կողմ են արտահայտվել Գազայում շուտափույթ հրադադարին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Կարծիքների հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել մերձավորարևելյան հրատապ խնդիրների շուրջ: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն արտահայտվել են Գազայի հատվածում շուտափույթ հրադադարի և անկլավի բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար պայմաններ ապահովելու օգտին։ Ընդհանուր անհանգստություն է արտահայտվել Կարմիր ծովի ջրատարածքում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ, որը կտրուկ վատթարացել է Եմենի դեմ ԱՄՆ-ի և նրան միացած մի շարք պետությունների անպատասխանատու ուժային գործողությունների հետևանքով»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Բացի այդ, նշվում է, որ կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը ռուս-իրանական հարաբերությունների հիմնարար սկզբունքներին և ՄԱԿ-ի կանոնադրությանը, ներառյալ՝ ներքին գործերին չմիջամտելուն, միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքին:

Տեսանյութեր

Լրահոս