
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հերթական հարվածներն են հասցրել Եմենում հութիների ռազմական օբյեկտներին

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան համատեղ հարվածներ են հասցրել Եմենում գործող հութի ապստամբների օբյեկտներին։ Այս մասին համատեղ հայտարարություն են տարածել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունները։
Ըստ հայտարարության՝ հունվարի 22-ին հարվածներ են հասցվել 8 թիրախների, այդ թվում՝ ստորգետնյա պահեստարանի, ինչպես նաև «հութիների հրթիռային և հետախուզական հնարավորությունների հետ կապված վայրերի»։
Համատեղ գործողությանը մասնակցել են նաև Ավստրալիան, Բահրեյնը, Կանադան և Նիդեռլանդները։
Կողմերը հայտնել են, որ հարվածներն իրականացվել են՝ «ի պատասխան հութիների կողմից միջազգային և առևտրային նավարկության, ինչպես նաև Կարմիր ծովով անցնող ռազմածովային ուժերի նավերի դեմ ուղղված շարունակական հարձակումների»։
Ըստ հայտարարության՝ նոյեմբերի կեսերից հութիներն ավելի քան 30 հարձակում են գործել միջազգային և առևտրային նավերի վրա։
Խռովարար շարժումը հայտարարել էր, որ կթիրախավորի Իսրայելի հետ կապված նավերը, մինչև Գազայի հատվածում ռազմական գործողությունները չդադարեն։ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան վերջին շաբաթների ընթացքում մի շարք ավիահարվածներ են հասցրել Եմենում հութիներին պատկանող ռազմական օբյեկտներին, այդուհանդերձ, հութիների հարձակումները չեն դադարել։