Սուեզի ջրանցքով ցորենի մատակարարումները 40 %-ով նվազել են երկու շաբաթվա ընթացքում
Կարմիր ծովում առևտրային նավերի վրա Եմենի հութի ապստամբների հարձակումների ֆոնին ավելի մեծ թվով նավեր են փոխել իրենց երթուղին։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում դա հանգեցրել է Սուեզի ջրանցքով ցորենի մատակարարումների նվազման գրեթե 40 տոկոսով՝ տարեկան կտրվածքով մինչև 0,5 միլիոն տոննա: Այս մասին տեղեկանում ենք Առևտրի համաշխարհային կազմակերպության տարածած հաղորդագրությունից։
Wheat Dashboard-ի (Առևտրի համաշխարհային կազմակերպության և Հացահատիկի միջազգային խորհրդի տեղեկատվական հարթակ) տվյալներով` 2023 թ. դեկտեմբերին Եվրամիությունից, Ռուսաստանից և Ուկրաինայից ցորենի մատակարարումների շուրջ 8 %-ն Ասիայի և Արևելյան Աֆրիկայի երկրներ փոխադրվել են, Սուեզի ջրանցքից բացի, այլ երթուղիներով: Համեմատության համար նշենք, որ մինչև դեկտեմբեր միջին ցուցանիշը կազմել է 3 %։ Ըստ գնահատումների` հունվարի առաջին կեսին այլընտրանքային երթուղիներով փոխադրումների բաժինը հասել է 42 %-ի։
Սուեզի ջրանցքից բացի, ԵՄ-ից այլ երթուղիներով ցորենի մատակարարումները դեկտեմբերի սկզբից մինչև հունվարի կեսերը կազմել են 330 հազար տոննա՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի 50 հազար տոննայի համեմատությամբ: Այդ նույն ժամանակաընթացքում Ռուսաստանից այլընտրանքային երթուղիներով վերաուղղորդվել է մոտավորապես 190 հազար տոննա ցորեն․ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը զրո էր։ Մինչդեռ Ուկրաինայից բոլոր մատակարարումները շարունակել են ընթանալ Սուեզի ջրանցքով։
Առևտրի համաշխարհային կազմակերպության գնահատմամբ՝ տարեկան շուրջ 76 միլիոն տոննա հացահատիկ, ձիթատու մշակաբույսեր և դրանցից պատրաստված արտադրանք Եվրամիությունից, Ռուսաստանից և Ուկրաինայից ուղարկվում է Ասիա և Արևելյան Աֆրիկա, ինչը կազմում է այդ ապրանքների համաշխարհային առևտրի 17 %-ը:
Եմենի հութիների հարձակումների պատճառով մի շարք խոշոր փոխադրող ընկերություններ հայտարարել են, որ իրենց նավերը կուղարկվեն այլ երթուղիներով, ինչը կհանգեցնի փոխադրումների թանկացման և դրանց իրականացման ավելի երկար ժամկետների։