Լեհաստանը հասել է ԵՄ-ի կողմից զիջումների՝ սահմանափակելու գյուղմթերքի ներմուծումն Ուկրաինայից
Եվրահանձնաժողովն այս շաբաթ փոփոխություններ կներկայացնի ԵՄ առևտրային օրենսդրության մեջ․ դրանք Ուկրաինային սահմանակից երկրներին թույլ կտան սահմանափակումներ մտցնել այնտեղից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման համար, եթե դրանք սպառնում են Լեհաստանում և մյուս հարևան երկրներում գների նվազմանը։
Այդ մասին Financial Times պարբերականին տված հարցազրույցում հայտնել է առևտրի հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը։
«Մենք կմտածենք, թե ինչպես կարելի է լրացուցիչ երաշխիքներ տրամադրել Լեհաստանին և ԵՄ այլ պետությունների, և դա անելու միջոցներից մեկը երաշխիքների սահմանումն է կոնկրետ երկրների համար», – ասել է նա:
Պաշտոնյան հավելել է, որ Եվրահանձնաժողովի առաջարկները կհրապարակվեն այս շաբաթ և, ամենայն հավանականությամբ, «կներառեն Ուկրաինայից գյուղատնտեսական արտադրանքի անմաքս ներմուծման հետևանքներից առանձին երկրների պաշտպանության միջոցներ»:
2022 թ․ հունիսին ԵՄ-ն Ուկրաինային տվել է իր շուկա ապրանքների անմաքս ներմուծման հնարավորություն․ Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների հետևանքով գյուղատնտեսական ապրանքները Սև ծովով արտահանելու՝ Ուկրաինայի հնարավորությունները սահմանափակվել էին։ Սա մեծ դժգոհություն է առաջացրել Լեհաստանում և Ուկրաինայի մյուս հարևան երկրներում, որոնք նշում են, որ այս միջոցառումներից տուժում են տեղացի ֆերմերները։