Հնդկաստանը և ԵՄ-ն կարգավորել են ազատ առևտրի համաձայնագրի վերաբերյալ մի շարք տարաձայնություններ
Հնդկաստանը և Եվրամիությունը կարգավորել են մի շարք տարաձայնություններ ազատ առևտրի վերաբերյալ քննարկվող համաձայնագրի շուրջ և պատրաստվում են անցկացնել բանակցությունների յոթերորդ փուլը։
«Վեցերորդ փուլի ընթացքում, որը տեղի է ունեցել 2023 թ. հոկտեմբերի 16-ից մինչև 21-ը, զգալի առաջընթաց է ձեռք բերվել 23 ոլորտներից 18-ում: Այս փուլից հետո՝ վերջին երեք-չորս ամիսների ընթացքում, երկու կողմերը հարթել են մի շարք տարաձայնություններ և հող նախապատրաստել բանակցությունների յոթերորդ փուլն սկսելու համար, որը 2024 թ. փետրվարի 19-23-ը կկայանա Հնդկաստանի մայրաքաղաքում», – նշում է հրատարակությունը։
Բանակցությունների նոր փուլում կողմերը կկենտրոնանան ծառայությունների և ներդրումների հարցերի վրա:
ԵՄ-ն և Հնդկաստանն ազատ առևտրի համապարփակ համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններ էին սկսել 2007 թվականին, սակայն 2013 թվականին դրանք կասեցվել էին ինտելեկտուալ սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների, ՏՏ ոլորտի ընկերությունների տեղեկատվական անվտանգության և որոշակի ապրանքների հասանելիության հարցերի շուրջ կողմերի միջև տարաձայնությունների պատճառով:
Բանակցությունները վերսկսվել են 2022 թվականին: ԵՄ-ն ցանկանում է, որ Հնդկաստանը վերացնի առևտրային խոչընդոտները փոքր ձեռնարկությունների համար, և բացել է ծառայությունների ու պետական գնումների շուկաները: Սակայն Հնդկաստանը պաշտպանում է իր միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների շահերը, ինչպես նաև պաշտպանում է այնպիսի զգայուն ճյուղեր, ինչպիսիք են գյուղատնտեսությունն ու կաթնարդյունաբերությունը` հաշվի առնելով հնդիկ ֆերմերների վիճակը:
Հնդկաստանն արդեն ազատ առևտրի համաձայնագրեր ունի Ավստրալիայի և ԱՄԷ-ի հետ, բանակցություններ են ընթանում Մեծ Բրիտանիայի և Կանադայի հետ։