«Զվարթնոց» օդանավակայանում ոստիկանը կանխել է 27-ամյա օտարերկրացու ինքնասպանության փորձը
Հունվարի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում.այդ օրը` ժամը 15:30-ի սահմաններում, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայության դասակի ոստիկանը օդանավակայանում նկատել է մի քաղաքացու, ով տարօրինակ վարքագիծ է դրսևորում, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ոստիկանը մոտեցել է այդ քաղաքացուն, ով հայտնել է, որ իրեն օդանավակայանում թույլ չեն տալիս մեկնել Ստամբուլ։
Ու մինչ ոստիկանը փորձել է պարզել եղելությունը, քաղաքացին նրա տեսադաշտից հեռացել է։
Բարեբախտաբար, ոստիկանության ծառայողը պարզել է, թե որ ուղղությամբ է նա գնացել, ու արդեն տեղում պարզվել է, որ այդ քաղաքացին գնացել է օդանավակայանի տարածքում գործող «Լավազա» սրճարան և հայտնել, որ ինքնասպանություն կգործի՝ պատշգամբից ցած նետվելով։
Ոստիկանության ծառայողը կարողացել է կանխել քաղաքացու ինքնասպանության փորձը և նրան տեղափոխել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին։
Պարզվել է, որ նա օտարերկրացի, 27-ամյա Սումայա Լ.-ն է։
Դեպքի փաստով «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։