Հայաստանում նախորդ տարի բացահայտվել է մաքսանենգության 393 դեպք

Մաքսանենգության դեմ պայքարի շրջանակում, 2023-ին՝ 2022-ի համեմատ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից ապահովվել է բացահայտումների դինամիկ աճ՝ ՀՀ-ում առավել շրջանառվող թմրամիջոցների մասով: Ընդհանուր առմամբ, բացահայտվել է մաքսանենգության 393 դեպք, իսկ 2022-ին՝ 351 դեպք:

Նիկոլ Փաշինյանին այս մասին են զեկուցել հունվարի 19-ին Պետական եկամուտների կոմիտեում կոմիտեի՝ 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկմանը:

Զեկուցվել է, որ հարկային և մաքսային համակարգերում շարունակվում են նոր՝ բարեվարքության ստուգման մեխանիզմով կադրերի ընդունելության, պատրաստման և համալրման գործընթացը: Մաքսային ծառայողների բարեվարքության ուսումնասիրության արդյունքում 77 մաքսային ծառայող չի հաղթահարել բարեվարքության հարցազրույցի փուլը: Իսկ 2023-ի ընթացքում իրականացված 57 ծառայողական քննության արդյունքում 55 ծառայող ենթարկվել է տարբեր կարգապահական պատասխանատվության, 4 աշխատակից ազատվել է ծառայությունից։

Ներկայացվել են նաև առաջիկա ծրագրերը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հարկային կարգապահության բարելավմանը (դատական պրակտիկա, ծախսերի փաստաթղթավորում, տրանսֆերային գնագոյացում), տեղեկատվության աղբյուրների ընդլայնմանը (ֆինանսական հաշիվների ավտոմատ փոխանակում, կրիպտոակտիվներ), ռիսկերի համակարգի ու միջազգային հարկային ռիսկերի նոր ընթացակարգերի ներդրմանը և միջազգային համագործակցությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև ՊԵԿ-ում աշխատանքի կատարողականի հիման վրա խրախուսական համակարգի կատարելագործման մեխանիզմներին:

Տեսանյութեր

Լրահոս