Էլինա Ավանեսյանը դուրս մնաց Ավստրալիայի բաց առաջնությունից
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Էլինա Ավանեսյանը դուրս մնաց Ավստրալիայի բաց առաջնության (Australian Open) հետագա պայքարից:
Մելբուրնում ընթացող «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի կանանց մենախաղի երրորդ շրջանում Էլինա Ավանեսյանը մրցեց աշխարհի 37-րդ ռակետ, ուկրաինացի Մարտա Կոստյոկի հետ: 2,5 ժամ ձգված մրցախաղում Ավանեսյանը զիջեց 3 սեթերից հետո` 6:2, 4:6, 4:6 հաշվով:
Էլինա Ավանեսյանը Ռուսաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ թենիսիստ է: Ծնվել է 2002 թվականին: Այս պահի դրությամբ աշխարհի 75-րդ ռակետն է:
Australian Open-ի տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 58 միլիոն ԱՄՆ դոլար: Մրցաշարի գործող չեմպիոններն են Նովակ Ջոկովիչն ու Արինա Սոբոլենկոն: Այն կեզրափակվի հունվարի 27-ին: