Լիահույս ենք՝ ֆրանսիական օրենսդրի կողմից ընդունված այս բանաձևը կվերաճի ամբողջական պետական քաղաքականության
Ֆրանսիայի Հանրապետության Սենատը հունվարի 17-ին, գրեթե միաձայնությամբ, ընդունեց Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն աջակցող, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ և հայ բնակչության՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի իրավունքի երաշխիքներ պահանջող բանաձև։ Ստեղծված իրավիճակում չափազանց կարևոր է Ֆրանսիայի օրենսդիր մարմնի բարձր պալատի կողմից այնպիսի քաղաքական դիրքորոշումը, որը ենթադրում է աջակցություն Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնորոշմանը, Արցախում ադրբեջանական վերջին ագրեսիայի դատապարտում, հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխավորման անհրաժեշտություն, Հայաստանի Հանրապետության տարածքների դեօկուպացիա, Հայաստանի կողմից իր անվտանգությունը, այդ թվում ռազմական ճանապարհով, պաշտպանելու կարողությունների զարգացում, Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատություն, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանություն։ Կարևոր նշանակություն ունի նաև Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ պատժամիջոցների կիրառման պահանջը։
Ընդունված բանաձևը համահեղինակել են ֆրանսիական սենատի քաղաքական բոլոր խմբակցությունների ղեկավարները, ինչը հայության հանդեպ ֆրանսիական ներքաղաքական համախոհության կարևոր ցուցիչ է։
Այս բանաձևի ընդունումն մաս է կազմում վերջին շրջանում Եվրոպայում և հատկապես Ֆրանսիայում հայկական շահերի պաշտպանության ծավալուն միջոցառումների, որոնց կարևոր մի մաս ներկայումս առաջ է մղվում «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակի միջոցով, որի կազմակերպմամբ՝ հունվարի 27-ին և 28-ին, եվրոպական 15 երկրների ավելի քան 55 քաղաքներում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ։ Ֆրանսիայում միջոցառումներ կանցկացվեն 13 քաղաքներում։
Լիահույս ենք՝ ֆրանսիական օրենսդրի կողմից ընդունված այս բանաձևն ամբողջապես ուղենշային կլինի Ֆրանսիայի գործադիր իշխանության համար և կվերաճի ամբողջական պետական քաղաքականության։
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ