Բաժիններ՝

Թեհրանը պարզաբանումներ է պահանջել Պակիստանից՝ Իրանի տարածքը հրթիռակոծելու համար

Թեհրանը Պակիստանից պահանջել է անհապաղ պարզաբանումներ ներկայացնել Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի վրա իրականացված հրթիռային հարձակումների վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է Tasnim գործակալությունը:

Նշվում է, որ Իրանի արտգործնախարարություն է կանչվել Պակիստանի գործերով ժամանակավոր հավատարմատարը, քանի որ Իսլամաբադը հետ էր կանչել Թեհրանում իր դեսպանին ավելի վաղ Իրանի կողմից Պակիստանին հասցված հարվածների պատճառով։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Պակիստանը հունվարի 18-ին Իրանի տարածքին հարվածները պատճառաբանել է նրանով, թե թիրախավորում է անջատողական զինյալների թաքստոցները։

Սիստան և Բելուջիստանի փոխնահանգապետ Ալիռեզա Մարհամաթին հայտնել է, որ Պակիստանի հարվածների հետևանքով զոհվել է 7 մարդ՝ 3 կին և 4 երեխա, որոնք Իրանի քաղաքացիներ չեն:

«Իրանը Պակիստանի իշխանություններից անհապաղ բացատրություններ է պահանջել այս հարձակման առնչությամբ», – Tasnim-ին հայտնել է տեղեկացված աղբյուրը։

Հունվարի 16-ին Իրանը հարվածներ էր հասցրել Պակիստանի տարածքին՝ նշելով, որ թիրախավորել է «Ջաիշ ալ Ադլ» ահաբեկչական խմբավորման երկու հենակետ։ Պակիստանը հայտնել էր, որ այդ հարվածների հետևանքով 2 երեխա է զոհվել, և Իրանին նախազգուշացրել էր հնարավոր հետևանքների մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս