ՔԿ-ն «Սիթի բայք» ծրագրում ներդրում կատարած և գումարները կանխիկացնելու հնարավորությունից զրկված անձանց հորդորում է դիմել նախաքննական մարմնին
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն տվյալներ է ստացել այն մասին, որ 2023 թվականի մարտ-մայիս ամիսներից սկսված՝ համացանցային տարբեր հարթակներով տարածվել են բազմաթիվ գովազդային հոլովակներ` ամերիկյան «Սիթի Բայք» անվանումով ընկերության հայաստանյան մասնաճյուղ ներկայացած նույնանուն ծրագրի միջոցով գումար վաստակելու վերաբերյալ:
«Իրականացված նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Սիթի Բայք» անվանումով վերոնշյալ ծրագիրն առերևույթ հանդիսացել է ֆինանսական բուրգ, որտեղ անձի կողմից եկամտի ստացումը պայմանավորված է եղել բացառապես ծրագրում գումար ներդնելով և նոր անձանց ներգրավելով, և որևէ ձեռնարկատիրական գործունեություն փաստացի չի իրականացվել:
2023 թվականի դեկտեմբերի 22-ին «Սիթի Բայք» անվանումով ծրագիրը «փակվել է», և վերացել է ներդրված գումարների կանխիկացման հնարավորությունը, որի արդյունքում ծրագրում ներդրում իրականացրած մի շարք անձինք զրկվել են իրենց գումարները կանխիկացնելու հնարավորությունից»,-հայտնում են Քննչական կոմիտեից:
Նման իրավիճակում հայտնված անձինք կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն (հասցե՝ ք. Երևան, Դեղատան 3, հեռ.՝ 010 30-42-12)։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: