Նման անարդար խոսքը մեզ վիշտ ու զայրույթ պատճառեց

Նախօրեին ԱԺ-ում «ՀՀ պետական պարգեւների ու պատվավոր կոչումների մասին» օրենքի նախագծի քննարկումը մեծ աղմուկ հանեց, եւ դա՝ մեծամասամբ այն պատճառով, որ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն այսպիսի հայտարարություն արեց ամբիոնից․ «Մի քանի ազգանուններ ընթերցեմ՝ Ծատուրյան Նիկոլայ, Բալյան Վլադիլեն, Բաբայան Դավիթ, Միրզոյան Փարավոն, Սողոյան Ֆրիդրիխ, ամենայն հարգանքով այս արժանավորագույն մարդկանց նկատմամբ, կարող էի ցանկն ընդլայնել, որեւէ մեկս մի՞թե ճանաչում է այս անձանց՝ որպես ժողովրդական. ժողովրդի մեծամասնությունն իրոք չի ճանաչում»:

Անվանի կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանի ընտանիքը ուղարկել է բաց նամակ, որը ներկայացնում ենք ստորեւ․

Ազգային ժողովի նախագահ պարոն Ալեն Սիմոնյանին

Պատճենը՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին

Հարգելի պարոն Սիմոնյան, Ազգային ժողովի բարձր ամբիոնից արդարադատության փոխնախարարը թույլ է տվել նսեմացուցիչ արտահայտություններ մի շարք բազմավաստակ արվեստագետների նկատմամբ, որոնց թվում էր նաեւ կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունը։

Նման անարդար խոսքը մեզ վիշտ ու զայրույթ պատճառեց, քանզի Վլադիլեն Բալյանն ինքն իր մեծագույն արգասիքը համարում էր ժողովրդին մոտ լինելը եւ փոխադարձը՝ վայելում ժողովրդի սերն ու հարգանքը։ Մեծագույն պատվով կրում էր «Ժողովրդական արտիստ» կոչումը՝ համարելով այն վաստակած իր բազմամյա ծառայությամբ ժողովրդին։

«Վլադիլեն Բալյանն իր երկարատեւ գործունեության ընթացքում ստեղծագործել է տարբեր ժանրերում՝ սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային, հեղինակել բազմաթիվ երգեր, որոնք հայկական երգարվեստի հարուստ ժառանգության մեջ զբաղեցնում են իրենց ուրույն տեղը, սիրված են ժողովրդի կողմից։ Անգնահատելի են մեծանուն կոմպոզիտորի ավանդն ու վաստակը հայ երգարվեստի զարգացման գործում։ Մեր ողջ ժողովուրդը Վլադիլեն Բալյանին, որպես մտավորական, դասել է հայ երգարվեստի մեծերի շարքում, որի ստեղծագործություններով բոլորս ոգեշնչվել ենք»։

Այս խոսքերը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղղել էր մեր ընտանիքին՝ Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ։ Արդարադատության նախարարությունն ավելի ուշ հրապարակեց տեղի ունեցածի պարզաբանումը, սակայն դա ընդամենը փորձ էր՝ կոծկել հնչեցված բառերի իմաստը։

Հարգելի պարոն Սիմոնյան

Արդարադատության փոխնախարարի վարկաբեկիչ խոսքերը Վլադիլեն Բալյանի եւ մի շարք ուրիշ արվեստագետների հասցեին համարում ենք անթույլատրելի եւ համոզված ենք, որ մեր վրդովմունքն անպատասխան չի մնա։

Հարգանքով՝ Վլադիլեն Բալյանի ընտանիքի անդամներ

Տեսանյութեր

Լրահոս