Ժամանակն է մեր ապատիան վերածենք գործի

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի գրառումը

Երեկ ազգային ժողովում կառավարության հետ հերթական հարցուպատասխանի բովանդակությունը հերթական անգամ ցույց տվեց ոչ միայն քաղաքական, այլև բարոյահոգեբանական այն խորը ճգնաժամը, որը պատել է վերից վար ու վարից վեր։

Գլոբալ աշխարհը կանգ է առել լարվածության և անորոշության խաչմերուկին: Որոշ արևմտյան փորձագետների և քաղաքական գործիչների կարծիքով՝ հավաքական Արևմուտքը մոտ ապագայում Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի կողմից բխող տագնապալի համաշխարհային սպառնալիքների է սպասում: Հակադարձ եզրահանգումներին է գալիս Ռուսաստանի և իր պոտենցիալ դաշնակից-երկրների փորձագիտական համայնքը՝ հավանական սպառնալիքները վերագրելով հավաքական Արևմուտքին։

Ահա այս իրավիճակում, փորձելով դիմակայել հնարավոր ապագային, բոլոր երկրները, նույնիսկ մեր մերձավոր հարևանները, արդեն պատրաստվում են այն բանին, ինչ մենք բոլորս կցանկանայինք խուսափել՝ պատերազմին։ Թեև մեր մերձավոր հարևաններից սպասվող վտանգներն ու սպառնալիքներն արդեն թակում են մեր դուռը։
Եվ մինչ աշխարհը կարծես թե պտտվում է սպասողական անհանգստության մեջ, ինչո՞վ են զբաղված մեր քաղաքական էլիտաներն ու կոնտրէլիտաները՝ պետությունը ոտքի կանգնեցնելու, հասարակությունը վերակենդանացնելու ու միավորելու և մեր ազգային ոգին համախմբելու ու ամրապնդելու փոխարեն։ Ոչնչո՛վ։

Քաղաքական իշխանությունը զբաղված է աղետի մոտեցման օրակարգով, այսինքն՝ ողորմելի խաղաղության պայմանագիր է քարոզում նրանց հետ, ում մենք թե՛ անցյալում, և թե՛ հիմա համարում ենք թշնամի։ Մենք ականատես ենք, որ ապատիայի մեջ գտնվող մեր ժողովրդի մի մասը հավանության է արժանացրել ամեն գնով խաղաղության հասնելու իշխանության օրակարգը, քանի որ նույն իշխանությունն իր գործողություններով ու անգործությամբ հասցրել է ժողովրդին այնպիսի վիճակի, երբ նա իրեն ուժասպառ ու կորած է զգում ճնշող անորոշության պայմաններում։ 
Քաղաքական ընդդիմությունն էլ իր հերթին չի կարողանում (ի վիճակի չէ, կամ չի ցանկանում) քարոզել այն օրակարգը, ըստ որի ճգնաժամը ոչ միայն վտանգ է, այլեւ հնարավորություն՝ ցույց տալով ոչ միայն այդ հնարավորությունից օգտվելու հստակ ուղին, այլև՝ այսօրվա քաղաքական իշխանությունից ազատվելու ճանապարհն ու միջոցները։
Եկել է պահը, երբ մենք բոլորս պետք է հստակ գործողություններ ձեռնարկենք և քարոզենք, որ համախմբվելուն այլընտրանք չկա։ Մենք պարտավոր ենք նահանջելու փոխարեն ճանապարհ գտնել։ Մեր մտահոգությունը չպետք է լինի ամեն գնով հակամարտությունից խուսափելը։ Մեր մտահոգությունը պետք է լինի այնպիսի հասարակություն կառուցելը, որը պատրաստ է ցանկացած հնարավորության, ունակ դիմակայելու և ինքնուրույն լուծելու ցանկացած խնդիր։

Մենք չենք կարող սպասել և ողբալ այն ապագայի համար, որը մեզ սպասում է։ Մենք պետք է բորբոքենք մեր միջի ցանկությունը՝ հայրենասեր առաջնորդության ներքո պրկված ու համախմբված ձևավորելու և կառուցելու մեր ընտրած ապագան: Սա փրկություն է անհանգիստ ժամանակներում: Սա տոկունություն է փոթորկի դիմաց: Եվ սա այն է, ինչին արժանի է մեր ժողովուրդը, Հայրենիքը և պետությունը։

Ժամանակն է մեր ապատիան վերածենք գործի, մեր անորոշությունը՝ վստահության և մեր անհանգստությունը՝ հույսի։

Տեսանյութեր

Լրահոս