Բաժիններ՝

ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Եմենում հութիների օբյեկտներին

Միացյալ Նահանգները նոր հարվածներ է հասցրել Եմենում հութիների մի քանի օբյեկտների այն բանից հետո, երբ հութիները շարունակել են թիրախավորել Կարմիր ծովում առևտրային նավերը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը։

Նշվում է, որ հարվածները հասցվել են հունվարի 17-ի երեկոյան։

«ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ուժերը հարվածել են Իրանի աջակցությունը վայելող հութիների 14 հրթիռների, որոնք պատրաստվում էին արձակման Եմենի՝ հութիների վերահսկողության տակ գտնվող տարածքներից», – գրված է հաղորդագրությունում։

ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հավելել է, որ այդ հրթիռները մեծ սպառնալիք էին ներկայացնում առևտրային նավերի և տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի համար։

Al Jazeera հեռուստաալիքը, վկայակոչելով Եմենի ԶԼՄ-ները, հաղորդում է, որ հարվածները հասցվել են Եմենի մայրաքաղաք Սանայից դեպի հարավ գտնվող Դամար ալ Քառնի շրջանի ռազմական ոստիկանությանը։ Հաղորդվում է նաև Հոդեյդա նավահանգստային քաղաքի վրա երկու օդային հարվածների, Սաադա և Ալ Հավբան քաղաքների ուղղությամբ ավիահարվածների մասին:

Նոյեմբերի կեսերից հութիները Կարմիր ծովում և Ադենի ծոցում հարվածներ են հասցնում առևտրային նավերին՝ հայտարարելով, որ կթիրախավորեն Իսրայելի հետ կապված նավերը, մինչև Գազայի հատվածում ռազմական գործողությունները չդադարեն։ Անցյալ շաբաթ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մի շարք ավիահարվածներ են հասցրել Եմենում հութիներին պատկանող ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան այդ հարձակումների: Չնայած դրան՝ հութիներն այս շաբաթ ևս շարունակել են գրոհները առևտրային նավերի վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս