Աիդա Արամին հանրության դատին է հանձնել «Ինչ էլ որ լինի» հեղինակային երգը
Երգչուհի Աիդա Արամին ունկնդրին է ներկայացրել «Ինչ էլ որ լինի» հեղինակային ստեղծագործությունը, որի հոլովակն արդեն համացանցում է:
Երգի երաժշտության գործիքավորումն իրականացրել է Նիկ Էգիբյանը, հոլովակի ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է: Տեսահոլովակում երգչուհին ներկայանում է կոստյումներով, որոնք արտահայտում են նրա հույզերն ու ապրումները: Կոստյումների հեղինակն Արայիկ Գաբաջյանն է։
Երգչուհու խոսքով՝ կանանց ուժեղ լինելու մասին երգի լեզվով խոսել վաղուց է ցանկացել:
«Իրականում շատ աղջիկներ, կանայք չգիտեն, թե որքան ուժեղ են, շատերն իրենց տեսակն ու արժեքը չեն գնահատում: Հանդիպել եմ նման աղջիկների և որոշեցի հենց այդ թեմային անդրադառնալ երգով: Ցանկանում եմ՝ երգս մոտիվացնի, սթափեցնի և ընկերոջ պես ասի. «Մի՛ հուսահատվիր, պայքարի՛ր, ձեռքերդ վայր մի՛ դիր, դու ուժեղ ես, ուղղակի չգիտես, թե քո ներսում ինչ կա»: Հույս ունեմ, որ երգը յուրաքանչյուրի սրտին կդիպչի այն ուժգնությամբ, որով իմ հոգու խորքից ծնվել է»,-ասում է Աիդա Արամին:
Ռեժիսոր Հրանտ Մովսիսյանն էլ կնոջը ներկայացրել է վշտացած, անմեղ, սիրահարված և այլն:
«Բոլոր կանանց կերպարներում Աիդան է»,-ասում է նա:
Երգչուհին ապագա անելիքներից չի սիրում խոսել, բայց չի թաքցնում, որ այս երգն ու տեսահոլովակը ունենալու են շարունակություն: Նա ստեղծագործական բուռն շրջանում է. ռուսերեն, անգլերեն, հայերեն նոր երգեր է գրել ինչպես իր, այնպես էլ այլ արտիստների համար: