Գրոսին հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ն դեմ չէ Իրանի միջուկային ծրագրին, բայց որոշ վերապահումներ ունի
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) դեմ չէ Իրանի միջուկային ծրագրի զարգացմանը, բայց Թեհրանը պետք է կատարի համապատասխան պարտավորությունները։ Այդ մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
«Իրանը միակ միջուկային զենք չունեցող երկիրն է, որն ուրանը հարստացնում է նման շատ, շատ բարձր մակարդակով, որը մոտ է զինագործականին… Ես չեմ ասում, որ նրանք միջուկային զենք ունեն, ասում եմ, որ սա զգայուն հարց է», – հայտնել է նա The National թերթին Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում:
Գրոսին նշել է, որ Թեհրանի միջուկային ծրագիրը «սլանում է առաջ՝ շարժվելով դեպի հավակնոտ նպատակներ»։
«Մենք դրա դեմ ոչինչ չունենք: Բայց մենք ասում ենք, որ միջազգային վերահսկողական մարմնի՝ ՄԱԳԱՏԷ-ի հասանելիությունը պետք է համաչափ լինի այդ գործողություններին», – շարունակել է Գրոսին:
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը հիշեցրել է, որ Իրանը Միջուկային զենքի չտարածման պայմանագրի մասնակից է և պետք է կատարի համապատասխան պարտավորությունները։
Գրոսիի խոսքով`Իրանը նախկինի նման թույլ չի տալիս իր օբյեկտներ ՄԱԳԱՏԷ-ի որոշ տեսուչների մուտքը՝ ելնելով ազգային պատկանելությունից:
«Դա դեմ է մեր աշխատանքի ոգուն։ Դա շատ, շատ անարդյունավետ է», – նշել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը:
Ըստ ՄԱԳԱՏԷ-ի՝ դեկտեմբերի զեկույցի, որի մասին գրել էր Reuters գործակալությունը, Իրանն ուրանի հարստացման տեմպերը հասցրել է 60 %-ի՝ ամսական 3 կգ-ից 9 կգ-ի։ ՄԱԳԱՏԷ-ի տվյալներով՝ Իրանը հարստացման տեմպերն սկսել է արագացնել նոյեմբերի վերջից։ Խոսքը երկու միջուկային օբյեկտների մասին է, որոնք գտնվում են Նաթանզում և Ֆորդոյում։ Իր հերթին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին ժխտել է ՄԱԳԱՏԷ-ի պնդումները: