Ճապոնական երեք փոխադրող ընկերություններ դադարեցրել են բեռնափոխադրումները Կարմիր ծովով
Ճապոնական փոխադրող ընկերությունները Կարմիր ծովում իրադրության սրման պատճառով դադարեցրել են իրենց բոլոր նավերով բեռնափոխադրումները:
Նշվում է, որ ըստ NHK հեռուստաալիքի՝ նման որոշում կայացրել է Nippon Yusen փոխադրող ընկերությունը, այնուհետև ճապոնական մյուս երկու խոշորագույն փոխադրողները` Mitsui O.S.K. Lines-ն (MOL) ու Kawasaki Kisen-ն են որոշել ժամանակավորապես դադարեցնել բեռնափոխադրումները Կարմիր ծովով:
Ավելի վաղ երեք ընկերությունները նման սահմանափակում մտցրել էին միայն Իսրայելի հետ կապված նավերի համար։ Այժմ այն կտարածվի բոլոր նավերի վրա։
Ակնկալվում է, որ այժմ նավերը կուղարկվեն այլ երթուղիներով, մասնավորապես՝ Բարի Հույսի հրվանդանով, սակայն դա կհանգեցնի փոխադրումների թանկացման և դրանց իրականացման ավելի երկար ժամանակի:
Եմենի հյուսիսում իշխող հութիների «Անսար Ալլահ» շարժումը, որը վերահսկում է Կարմիր ծովի եմենյան ափերի մեծ մասը, ավելի վաղ նախազգուշացրել էր, որ կհարվածի Իսրայելի հետ կապված ցանկացած նավի, մինչև Իսրայելը չդադարեցնի ռազմական գործողությունները Գազայի հատվածում: Մի շարք նավագնացային ընկերություններ որոշել են դադարեցնել փոխադրումները Կարմիր ծովով։