Բաժիններ՝

Հութիները Կարմիր ծովում հրթիռային հարված են հասցրել առևտրային նավի

Եմենի հութիները հունվարի 16-ին հականավային հրթիռներով հարված են հասցրել Zografia բեռնանավին, որը Կարմիր ծովի հարավային մասում ընթանում էր Մալթայի դրոշի ներքո: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

Ըստ հաղորդագրության՝ նավը վնասվածքներ է ստացել, սակայն կարողացել է շարունակել նավարկությունը Կարմիր ծովով։

«Նույն օրն ավելի վաղ, (Սանայի ժամանակով) մոտավորապես ժամը 4։15-ին ԱՄՆ ուժերը հարվածել և ոչնչացրել են հութիների հականավային 4 բալիստիկ հրթիռ, որոնք պատրաստվում էին արձակվել Եմենի՝ հութիների վերահսկողության տակ գտնվող շրջաններից», – հավելել է Կենտրոնական հրամանատարությունը։

Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև ընթացող պատերազմի ընթացքում հութիների «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է, որ թույլ չի տա Իսրայելի հետ կապված նավերին անցնել Կարմիր ծովի և Բաբ էլ Մանդեբի նեղուցի ջրերով, մինչև Իսրայելի ռազմական գործողությունները Գազայում չդադարեն։ Ըստ ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարության՝ 2023 թ․ նոյեմբերից հութիները Կարմիր ծովում գրոհել են ավելի քան 20 քաղաքացիական նավ։

Ի պատասխան այս հարվածների՝ հունվարի 12-ի գիշերը ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը, օգտագործելով ինքնաթիռներ, նավեր և սուզանավեր, հարվածել են «Անսար Ալլահ»-ի օբյեկտներին Եմենի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Սանայում և Հոդեյդայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս