Կիմ Չեն Ընը նշել է, որ Հյուսիսային Կորեան առաջինը պատերազմ չի սկսի, բայց չի էլ խուսափի դրանից
ԿԺԴՀ-ի իշխանությունները չեն պատրաստվում առաջինը պատերազմ սկսել, բայց չեն էլ խուսափի դրանից։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին կրկին հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Գերագույն ժողովրդական ժողովի նստաշրջանում։
«Մենք պատերազմ չենք սկսի, բայց ամենևին էլ չենք պատրաստվում խուսափել դրանից։ Պատերազմ սկսելու պատճառ չունենք, մենք դա չենք անի միակողմանի կարգով, բայց եթե դրա հեռանկարը ծագի մեր հանդեպ, չենք փորձի խուսափել դրանից», – նրա խոսքը մեջբերել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։
Ավելի վաղ Կիմ Չեն Ընը պաշտպանական ճյուղի ձեռնարկություն կատարած այցի ժամանակ նույնպես հայտարարել էր, որ ԿԺԴՀ-ն մտադիր չէ Կորեական թերակղզում «միակողմանի կարգով» «մեծ իրադարձություններ հրահրել (իր) ճնշող ուժով», բայց նաև «չի պատրաստվում խուսափել պատերազմից»։
«Պատերազմը կհանգեցնի Կորեայի Հանրապետության ծանր պարտությանը և վախճանին: Միացյալ Նահանգներին կպատճառվեն աներևակայելի ավերածություններ և պարտություն: Մեր զինված ուժերն արդեն պատրաստ են դրան», – ասել է ԿԺԴՀ առաջնորդը։
Նրա խոսքով՝ Կորեայի ժողովրդական բանակի զորամասերը «կպատժեն թշնամիներին»՝ մոբիլիզացնելով բոլոր միջոցները, ներառյալ՝ միջուկային զենքը, եթե թերակղզում պատերազմ բռնկվի: