Ինչպես Քրիստինե Խանումյանի ասեղնագործ գեղեցիկ պայուսակը հասավ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին
Արցախցի լրագրող Քրիստինե Խանումյանը ասեղնագործ գեղեցիկ պայուսակներ է պատրաստում: Ֆեյսբուքյան իր գրառմամբ նա պատմել է, թե իր պատրաստած պայուսակներից մեկն ինչպես է հասել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին, և ինչ է նա պատասխանել՝ ստանալով գեղեցիկ այդ նվերը:
«Քանի մի երկու րոպե ազատ ժամանակ ունեմ, կիսվեմ էս լուրով:
Վերջապես կարող եմ ասել, որ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն է այս՝ ամենապահանջված պայուսակի տերը։
Հիմա այս երկար ոդիսականը մի քանի բառով պատմեմ․
Երբ բլոկադայի օրերին ստեղծված մի քանի պայուսակների ֆոտոները տեղադրեցի Ֆեյսբուքում՝ վաճառքի, հաշվի առնելով դրանց քիչ քանակը, այնպես էի արել, որ գրառումս միայն իմ ֆեյսբուքյան ընկերների համար հասանելի լինի (մոտ 2 հազար ընկեր ունեմ)։ Բայց առավոտյան մեսենջերում տասնյակներով նամակներ գտա անծանոթ մարդկանցից, որոնք բոլորը հենց այս պայուսակն էին ցանկանում գնել․ պարզվեց, մեր սիրելի Ծավինար Բանուչյանն այս պայուսակի նկարով կիսվել էր իր էջում ու ահա այդպես սկսվեց այս պայուսակի ոդիսականը։
Բայց վաճառք սկսելուց առաջ պայման ունեի՝ առաջին պայուսակը մեր սիրելի Մերին պետք է ընտրեր, նա էլ առաջինը հենց այս պայուսակն ընտրեց, ուստի բոլորին պատասխանեցի, որ պայուսակն արդեն տեր ունի։ Այդպես այս պայուսակը սկսեցինք անվանել Մերիի պայուսակ։ Բայց մինչ ես կհասնեի Երևան, Մերին արդեն վերադարձել էր Կանադա, ու պայուսակը մի տարի պիտի սպասեր նրան։ Իմ գալուն հաջորդող օրերին Մերին ասաց՝ եթե պայուսակը ցանկացող կա, կարող ես վաճառել ուրիշին, երբ գամ, մեկ ուրիշը կընտրեմ։ Ցանկացողներ, իհարկե, կային, բայց նրանց մի մասը իմ ընկերներն էին նաև, ու ես մեծ երկընտրանքի առջև էի, բա էդ սիրելի մարդկանցից ո՞ր մեկին այն վաճառեմ։ Ի վերջո, որոշեցի՝ ոչ մեկին չեմ վաճառելու, այն նվիրելու եմ մեզ հետ կապ չունեցող որևէ մեկին․ քանի որ այն բլոկադայի ժամանակ է ստեղծվել, ապա բլոկադան բացելու համար փորձ արած որևէ մեկին էլ այն կնվիրեմ։
Հենց այդ պահին լուրերով տիկին Իդալգոյի մասին էին պատմում, ու որոշեցի՝ պայուսակը կգնա Փարիզ, տիկին քաղաքապետին ուղղված ուղեկցող նամակով, որում մասնավորապես գրել էի.
«․․․Հաշվի առնելով այն, որ Դուք մեկն էիք այն մարդկանցից, որը բարձրաձայնում էր մեր բլոկադայի անհապաղ վերացման հարցը, անկեղծ ցավում էիք մեր տառապանքների համար, և հեռակա աջակցում էիք մեզ, ցանկանում եմ բլոկադային Ստեփանակերտից բերված այդ չափազանց թանկ հուշերից մեկը կիսվել Ձեզ հետ և նվիրել իմ ասեղնագործած պայուսակներից մեկը։ Հուսամ՝ այն Ձեզ դուր կգա, և Դուք կկրեք այս նվերը, որն ուղարկում եմ անկեղծ սիրով և երախտագիտությամբ»։
Այս ամբողջ պատմության մասին միայն մի քանի հոգի էին տեղյակ, այն մարդիկ, որոնք ներգրավված էին պայուսակը Փարիզի քաղաքապետին փոխանցելու գործում, նրանց բոլորին էլ խնդրել էի այս պատմության մասին լռել, որ այս մասին կգրեմ միայն եթե տիկին Իդալգոն ստանա պայուսակն ու որ ամենակարևորն է՝ արձագանքի։
Եվ ահա մի քանի օր առաջ ստանում եմ արձագանքը՝ իմ անունով այսպիսի շնորհավորական բացիկ է գալիս՝ տիկին քաղաքապետի ձեռագիր տեքստով նաև։ Այ հիմա, ինչպես արդեն վերևում նշեցի, կարող եմ ասել, որ պայուսակը Փարիզում է։
Հ․Գ․ Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, որոնք օգնեցին կամ փորձեցին օգնել պայուսակը հասցնել հասցեատիրոջը՝ Վլադիմիրին, տիկին Հասմիկին, Ծովինարին, Տիգրանին, Ռեբեկային, տիկին Անահիտին, Վահեին, Նաիրային։ Ծովինարին առանձնահատուկ սրտիկներ նաև, քանի որ ամենա«զահլա» ու երկարատև գործն իր վրա էր վերցրել»,-պատմել է Քրիստինե Խանումյանը։